Լրագրողական կազմակերպությունները պահանջում են քննություն՝ ԱԺ-ում բռնության դեպքի կապակցությամբ

Լրագրողական կազմակերպությունները ՊՊԾ-ից պահանջում են՝ ծառայողական քննություն անցկացնել՝ մարտի 26-ին ԱԺ-ում լրագրեղների նպատմամբ ՊՊԾ աշխատակիցների կողմից բռնության միջադեպի վերաբերյալ։
Մարտի 26-ին ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն օթյակից փորձել են ակցիա իրականացնել։ Պաստառներ են պարզել Անդրանիկ Քոչարյանի պատկերով և «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով։ Լրագրողների ակցիան կանխվել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։
Օրեր առաջ Խորհրդարանում իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վիրավորական վերաբերմունք էր դրսևորել Tribune.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ, ասելով՝ «Շուրթերդ մաքրի՛ր»։

«Մեր մի շարք հայտարարություններում (հղումներ՝ 1, 2, 3) բարձրաձայնել ենք, որ Խորհրդարանում անվտանգության ծառայության աշխատակիցները, չարաշահելով իրենց լիազորությունները, խոչընդոտում են լրագրողների գործունեությունը՝ որոշ դեպքերում նաև անհամաչափ ուժ կիրառելով նրանց նկատմամբ։ Ինչ վերաբերում է վերջին միջադեպին, ապա դա լրագրողների արտահայտման ազատության կոպտագույն խախտում է՝ վերջիններիս սեփական իրավունքները պաշտպանելու ոչ իրավաչափ և բիրտ արգելք։ Այս ամենը վկայում է, որ Ազգային ժողովում վաղուց առկա է ԶԼՄ-ների գործունեության և անվտանգության ծառայության լիազորությունների բախում։ Պետական օբյեկտների պահպանության քողի ներքո անթույլատրելի են լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի անհիմն կիրառումը և խոսքի ազատության սահմանափակումը»,- ասված է լրագրողական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ։

Կազմակերպությունները հայտարարության մեջ ձևակերպել են նաև իրենց պահանջները” Նրանք Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջում են՝ քննարկել և բացահայտել, թե ինչպես են հնարավոր դարձել այս և անցյալում անվտանգության ծառայողների մասնակցությամբ նմանատիպ միջադեպերը, քայլեր ձեռնարկել դրանք ապագայում բացառելու ուղղությամբ։
Ծառայողական քննություն անցկացնել մարտի 26-ի միջադեպի վերաբերյալ, պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին և վերանայել նրանց գործելակերպը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս,
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից էլ լրագրողական կազմակերպությունները խահանջում են՝ քաղաքական կամք ցուցաբերել և հրապարակավ գնահատական տալ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծին, որը հանրային վրդովմունք է առաջացրել։

Մեկնաբանել