Հունաստանն ընդունել է 2013թ. բյուջեն. ծախսերը կկրճատվեն €9,4 մլրդ-ով

Նոյեմբերի 11-ի երեկոյան Հունաստանի խորհրդարանը 167 կողմ 1280 դեմ ձայներով ընդունել է 2013թ. պետբյուջեն: Այսպիսով՝ Աթենքը կատարել է հանգուցային պահանջը, որն անհրաժեշտ է Արժույթի միջազգային հիմնադրամից և Եվրամիությունից €31,5 մլրդ տրանշն ստանալու համար, ինչը հնարավորություն կտա խուսափել դեֆոլտից: Փաստաթղթով նախատեսվում է €9,4 մլրդ-ի բյուջետային ծախսերի կրճատում:

Ակնկալվում է, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2013թ. երկրի բյուջեի պակասուրդը ներկայիս ՀՆԱ-ի 6,6%-ից կնվազի 5,2%:

Անտոնիս Սամարասի կառավարության մշակած փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է կենսաթոշակային տարիքը 65-ից բարձրացնել մինչև 67, ինչպես նաև բյուջետային աշխատավարձերի և տարբեր նպաստների կրճատում: Այս ամենը հնարավորություն կտա 2013-2014թթ. խնայել €13,5 մլրդ:

Աջ կենտրոնամետների առաջնորդ վարչապետ Սամարիսը պատգամավորներին խոստացել է, որ ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումները վերջինը կլինեն և հնարավոր կլինի վերականգնել  աշխատավարձերի ու կենսաթոշակների բավարար մակարդակը:

Խորհրդարանում քվեարկությունն ընթացել է Աթենքի կենտրոնում անցկացվող ցույցերի ֆոնին, որին մասնակցել է 100 հազ. մարդ: Անցած շաբաթ երկրում տեղի է ունեցել նաև երկօրյա համընդհանուր գործադուլ:

2010թ. ի վեր՝ Հունաստանը միջազգային դոնորներից արդեն $280 մլրդ է ստացել: Փորձագետների գնահատմամբ՝ միակ բանը, որի շնորհիվ Աթենքը շարունակում է մնալ եվրոգոտում, ԵՄ ղեկավարների քաղաքական կամքն է, քանի որ դրա տնտեսական հիմքերը բացակայում են:

Ակնկալվում է, որ Հունաստանին €31,5 մլրդ տրանշի հատկացման որոշումը կըդնունվի Եվրոգոտու ֆինանսների նախարարների այսօրվա հանդիպմանը: