«Տաշիր» բարեգործական հիմնադրամը` Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կֆինանսավորի Վանաձորում կառուցվելիք գերժամանակակից առողջապահական համալիրի ծննդատան շինարարությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:
Վերջինիս խոսքով` համալիրը, որի շինաշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում, կառուցվելու է Համաշխարհային բանկի միջոցներով, իսկ շուրջ 2500 քմ տարածքով ծննդատունը՝ «Տաշիրի», որի համար Կարապետյան եղբայրները նախնական հաշվարկներով կտրամադրեն 2 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումար:
Խոսելով «Տաշիր» բարեգործական հիմնադրամի առաջիկա ծրագրերի մասին՝ Ա. Ճաղարյանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին Վանաձորում կյանքի կկոչվի ևս երկու ծրագիր. Կարապետյանների ընտանիքի կողմից կպարգևատրվեն Լոռու մարզի մոտ 50 երիտասարդ գիտնականները, որոնք ապրում, աշխատում և ստեղծագործում են մարզի տարածքում, ինչպես նաև Լոռու մարզի բոլոր դպրոցների և միջին մասնագիտական ուսհաստատությունների շուրջ 300 մանկավարժներ: Ուսուցիչների թեկնածությունները ներկայացվել են դպրոցների մանկավարժական խորհուրդների կողմից:
Վերջին մի քանի տարիներին Սամվել և Կարեն Կարապետյանների հովանավորությամբ պարբերաբար կազմակերպվել է Լոռու մարզի հազարավոր երիտասարդների եռօրյա հավաքն ու հանգիստը Ծաղկաձորում: Համագործակցելով «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպության հետ՝ համանման մի ծրագիր էլ «Տաշիր» հիմնադրամը կիրականացնի դեկտեմբերին՝ ընդգրկելով շուրջ 300 երիտասարդների:
Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարը նաև տեղեկացնում է, որ իրենք դիմել են հանրապետության բոլոր պետական բուհերի ղեկավարներին՝ խնդրանքով տրամադրել իրենց բուհերում սովորող՝ Լոռու մարզի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ ուսանողների ցանկը: Այն ամբողջանալուն պես հիմնադրամը կքննարկի այդ ուսանողների հետ կապված ծրագիր իրականացնելու հարցը, ինչի մասին կտեղեկացվի լրացուցիչ: