Ավարտվել է ԵՄ-Լատինական Ամերիկա «բանանային» 20-ամյա վեճը

Անցած շաբաթ ավարտվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության պատմության մեջ ամենաերկարատև վեճը: Բանանի լատինամերիկյան մատակարարները վիճարկում էին Եվրամիություն բանանի ներկրման առանձնահատկությունները, որոնց համաձայն՝ ինչպես գնային, այնպես էլ քանակական նախապատվությունը ստանում էին եվրոպական նախկին գաղութների ներկրողները: 20 տարի շարունակ ԱՀԿ վեճերի կարգավորման հանձնաժողովը ԵՄ գործողությունները բազմիցս հակասական է ճանաչել կազմակերպության կանոնադրությանը: Սակայն վերջնական համաձայնությունը ձեռք բերվել ոչ թե ԱՀԿ պատժամիջոցների, այլ բազմակողմ բանակցությունների շնորհիվ:

«Սա իսկապես պատմական պահ է», -ԵՄ և Լատինական Ամերիկայի երկրների միջև բազմակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել է ԱՀԿ ղեկավար Պասկալ Լամին: Այս փաստաթուղթը 1991թ. ի վեր սկիզբ առած վեճերի և բանակցությունների վերջնակետն է: Այժմ գնային և քանակական խիստ սահամանփակումներին կփոխարինի ներկրման մաքսատուրքը, որը 2009թ. սահմանված €148/1տ-ից մինչև 2017թ. աստիճանաբար կիջեցվի €114/1տ: 1993թ. եվրոպական միասնական շուկայի ստեղծումից և ԵՄ բանանի ներկրման միասնական ռեժիմի սահմանումից ի վեր՝ ԵՄ-ն մեղադրվում էր լատինամերիկյան մատակարարների նկատմամբ խտրականության դրսևորման և եվրոպական նախկին գաղութային երկրներին նախապատվություն տալու մեջ: Խոսքը, ըստ էության, ԵՄ կողմից Աֆրիկայի, Խաղաղօվկիանոսյան և Կարիբյան ավելի քան 80 երկրի հետ առևտրային պայմանագրերի մոդեռնիզացման մասին է, քանի որ դրանք  ստորագրվել էին անցած դարի կեսերին՝ մասամբ սահմանելով ԵՄ արտադրանքի առանց մաքսի ներկրում: Սակայն մի շարք ներկրողների նկատմամբ սահմանվել էին ոչ միայն բարձր մաքսեր (€176-230/1 տ), այլև ներկրման քանակի սահմանափակում:  

1999թ. ԱՀԿ պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ հնարավորություն է ստացել որպես պատժամիջոց ԵՄ-ից  ներկրվող ապրանքների տարեկան ծավալը սահմանափակել մինչև $191,4 մլն: Մեկ տարի հետո համանման հնարավորություն ընձեռնվել է Էկվադորին՝ բանանի խոշորագույն արտահանողին:  Արդյունքում ԵՄ-ն համաձայնել է քանակական սահմանափակումները փոխարինել սակագնայինով և 2005թ. հունվարին ներկրման նոր սակագին է սահմանել՝ €230/1տ, ինչով լատինամերիկյան ներկրողների նկատմամբ խտրականության էլ ավելի էր խստացվում:

Կողմերը սակագների իջեցման շուրջ բանակցությունները սկսել են 2009թ.՝ հայտարարելով բազմակողմ համաձայնագիր ստորագրելու իրենց պատարաստակամության մասին: Համաձայնագրի վավերացմանն անհրաժեշտ է 2,5 տարի, և եթե մինչև 2013թ. ԱՀԿ-ում չմշակվի գյուղատնտեսական արտադրանքի առևտրի խոչընդոտների վերացման շրջանակային համաձայնագիր, հնարավոր է՝ սակագների իջեցումը երկարաձգվի ևս 2 տարով: Այսպիսով՝ ԵՄ-ն նպատակ ունի զարգացող երկրներին իրենց արտադրությունների դիվերսիֆիկացման համար ավելի շատ ժամանակ հատկացնել, քանի որ նրանք մրցակցության հետևանքով զգալի վնասներ են կրում: