Եվրոն «կերպարանափոխվում» է

Կամուրջների, դռների և պատուհանների փոխարեն եվրո թղթադրամն այսուհետև կզարդարի Եվրոպա անունով փյունիկացի արքայադուստրը, որին առևանգել էր կերպարանափոխված Զևսը:

Նոր` դիզայնի ու պաշտպանվածության տեսանկյունից ավելի բարդ, թղթադրամների ներմուծումը կմեկնարկի 2013-ից: Միաժամանակ, որոշվել է ճարտարապետական ձանձրալի պատկերները փոխարինել արքայադստեր պատկերով, որի անունով էլ կոչվում է Հին մայրցամաքը՝ Եվրոպան:

«Դիմանկարներն ավանդաբար օգտագործվում են թղթադրամների վրա, քանի որ մարդիկ դրանք ավելի լավ են հիշում: Կարելի՞ էր ավելի լավ կերպար գտնել, քան Եվրոպան է», – հռետորական հարց է տվել Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին:

Եվրոպային պատկերող առաջին թղթադրամը կլինի հինգ եվրո արժողությամբ, և շրջանառության մեջ կմտնի 2013թ. մայիսից: Ավելի մեծ արժողությամբ եվրոներն աստիճանաբար կներմուծվեն առաջիկա տարիներին: