MTV Europe Music Awards-ի հաղթողները Թեյլոր Սվիֆթն ու Ջասթին Բիբերն են

Ամերիկյան երգչուհի Թեյլոր Սվիֆթը և երիտասարդների կուռք Ջասթին Բիբերը նոյեմբերի 11-ին դարձել են MTV Europe Music Awards եվրոպական մրցանակի դափնեկիրներ: Գերմանական Ֆրանկֆուրտում անցկացվող մրցանակաբաշխությունը վարում էր սուպերմոդել Հայդի Քլումը:

MTV Europe Music Awards մրցանակը շնորհվում է 16 անվանակարգում. հաղթողները որոշվում են հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Սվիֆթը հաղթել է «Տարվա երգչուհի», «Լավագույն կենդանի կատարում» և «Լավագույն արտաքին տեսք» անվանակարգերում: Բիբերը հաղթող է ճանաչվել «Տարվա երգիչ», «Լավագույն փոփ կատարում», «Լավագույն կենդանի կատարում» և «Լավագույն համաշխարհային կատարում» անվանակարգերում:

One Direction խումբն ու երգչուհի Կառլի Ռեյ Ջեփսենը նույնպես մրցանակի են արժանացել, առաջինը՝ ամենաշատ երկրպագուների, երկրորդը՝ «Լավագույն նորույթ» անվանակարգում: Ջեփսենը դարձել է նաև «Տարվա բեկում», իսկ նրա Call Me Maybe սինգլը ճանաչվել է «Տարվա երգ»:

Եվրոպական MTV-ի վարկածով՝ լավագույն հիփ-հոփ կատարող է ճանաչվել երգչուհի Նիքի Մինաժը, էլեկտրոնային երաժշտության լավագույն կատարող՝ Դևիդ Գետան: «Լավագույն այլընտրանք» անվանակարգում հաղթել է Լանա Դել Ռեյը, իսկ «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում մրցանակի է արժանացել Linkin Park խումբը:

Հարավկորեացի ռեփեր PSY-ը դարձել է լավագույն հոլովակի հեղինակ՝ պարգևատրվելով իր Gangnam style երգի տեսահոլովակի համար: Լավագույն համաշխարհային կատարող է դարձել չին երաժիշտ Խանա Գենգան:

Մրցանակաբաշխության կազմկոմիտեն հետմահու մրցանակ է շնորհել երգչուհի Ուիթնի Հյուսթոնին փոփ երաժշտության ոլորտում ներդրման համար: 2010-ից շնորհվող «Գլոբալ կուռք» մրցանակով նախկինում պարգևատրվել են Queen խումբն ու երգիչ Բոն Ջովին:

MTV European Music Awards (EMA) եվրոպական մրցանակներն այս տարի շնորհվել են 19-րդ անգամ: Մրցանակաբաշխությունը հյուրընկալող քաղաքներն ամեն տարի փոխվում են. այս տարի այն անցկացվել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում:

Մեկնաբանել