Հայաստանում պանրի ոլորտում կառավարության իրականացրած ստուգումները նախագահական ընտրություններին ընդառաջ կատարված քայլ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը:
«Կառավարությունն ընտրություններից առաջ փորձում է ցույց տալ, որ աշխատանք է կատարում, ստուգումներ է իրականացնում: Մինչև ընտրություններն ինչու՞ չէին անում»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ցուպիկներ պանրում նախկինում էլ են հայտնաբերվել:
Գիգոյանի համոզմամբ` Հայաստանում պանրի արտադրությունը շատ լուրջ, սակայն դեռ չձևավորված ոլորտ է, որի շնորհիվ 5 հազ. մարդ հացի գումար է կարողանում վաստակել:
Գիգոյանն անդրադառնալով կառավարության 2011թ. հայտարարած «հայկական պանիր» ծրագրին, որի շրջանակում պետք է պանիր արտահանվեր աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում` ԱՄՆ և Ռուսաստան, ասաց. «Մենք՝ պանրագործներս, հավաքվեցինք, ցույց տվեցինք, որ կարող ենք պանիր արտադրել, արտահանել, հերթը հասավ կառավարությանը, պետք է գումար տրամադրել, չկա, ծրագիրը սառեցված է, ֆինանսավորում չկա»,- ասաց նա:
Պանիր արտադրողների միության նախագահը նշեց, որ իրենք կասկածներ ունեն ստուգումների արդյունքների վերաբերյալ և մտադիր են մոտակայում նոր ստուգումներ անցկացնել:
Գիգոյանը շեշտեց նաև այն հանգամանքը, որ ցուպիկներ հայտնաբերվել են այն կազմակերպությունների արտադրած պանրում, որոնք իրենց արտադրանքն արտահանում են նաև Ռուսաստան:
Բանախոսի համոզմամբ` այս ամենի հիմնական մեղավորը չի կարող լինել արտադրողը, քանի որ այն հանգամանքներն ու իրավիճակը, որում նա արտադրում է, այլընտրանք չկա:
Պանիր արտադրողների միության նախագահը սպառողներին խորհուրդ տվեց շարունակել ապրել այնպես, ինչպես մինչև ցուպիկների հայտնաբերումն էր: Նա հիշեցրեց, որ աղիքային ցուպիկը զգայուն է աղի պանրի նկատմամբ և հայտնաբերվել է հիմնականում «Չանախ» տեսակի պանրում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ՀՀ կառավարության նիստում գյուղատնտեսության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը հայտարարեց, որ Հայաստանում 59 պանիր արտադրող տուգանվել է «Չանախ» տեսակի պանրում աղիքային ցուպիկի առկայության պատճառով: 59-ից 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն ընդհանրապես արգելվել է: Տուգանքը յուրաքանչյուր արտադրողի համար կազմել է 450-հազարական դրամ: Ստուգումների արդյունքում, Բախչագուլյանի խոսքով, ոչնչացվել է 5,5 տ պանիր: