ԱՄՀ-ն տնտեսական աճ է կանխատեսում Ծոցի նավթային միապետություններում

Արժույթի միջազգային հիմնադրամը Պարսից ծոցի նավթով հարուստ երկրներում տնտեսական աճի բարձր տեմպեր և «Արաբական գարնան» երկրներում ներկա իրավիճակի խորացում է կանխատեսում:

«Արաբական գարնան» ժողովրդական հուզումները գրեթե չեն առնչվել Պարսից ծոցի նավթով հարուստ երկրներին, որտեղ քաղաքական և տնտեսական իրադրությունը շարունակում է կայուն մնալ:

««Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի» անդամ երկրներում արժութային և ֆինանսական բարենպաստ իրադրության ֆոնին տնտեսական աճի բարձր տեմպեր են կանխատեսվում», -ասված է ԱՄՀ զեկույցում: Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ նավթ արտահանող երկրները, չնայած համաշխարհային անբարենպաստ կոնյուկտուրային, կարողացել են պահապնել տնտեսական աճը՝ օգտվելով «սև ոսկու» բարձր գներից: «Ակնկալվում է, որ 2012-2013թթ. նավթի գները կպահպանվեն $100/1 բարել բարձր մակարդակում, ինչը երկրներին հնարավորություն կտա առևտրային դրական սալդոն պահպանել պատմության ընթացքում արձանագրված ամենաբարձր մակարդակում», -ասված է փաստաթղթում:

ԱՄՀ-ն՝ մյուս կողմից՝ երկրներին կոչ է անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ պատրաստ լինելու նավթի գների հնարավոր նվազմանը՝ գլոբալ տնտեսության կտրուկ դանդաղման պայմաններում:

«Արաբական գարնան» երկրները, մասնավորապես՝ Թունիսը, Եգիպտոսը, Լիբիան և Եենը, որոնք վերջին շրջանում քաղաքական խորը վերափոխումների գործընթացներում են, ընդհանուր առմամբ, չեն կարողացել կայունացնել տնտեսական իրադրությունը: Միաժամանակ զգալիորեն կրճատվել են նրանց ֆինանսական միջոցները և արտաքին առևտրի սալդոն: 2013թ. այս ցուցանիշը կբարձրանա մինչև 3,25%, սակայն, ԱՄՀ փորձագետների կարծիքով, սա բավարար չի լինի մի շարք խնդիրների լուծման, մասնավորապես գործազրկության հաղթահարաման համար: «Այս երկրներին անհրաժեշտ կլինի միջազգային հանրության աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական և տեխնիկական, ինչպես նաև մատչում իրացման շուկաներին», -ասված է զեկույցում:

ԱՄՀ փորձագետների կարծիքով ՝ բացառություն կլինի միայն Լիբիան, որտեղ տնտեսական աճը գերազանցում է հետպատերազմյան կանխատեսումները: