ՀԱԿ երեք ակտիվիստները հեռացվեցին դատական նիստերի դահլիճից

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է ՀԱԿ չորս ակտիվիստների բողոքը: Դատավարությունն ընթանում էր և ընթանում է թեժ պայմաններում: Անընդհատ վիճաբանություններ են տեղի ունենում մեղադրյալների և դատավորների, ամբաստանյալների և մեղադրողի միջև:

Դատավոր Արմեն Դանիելյանը տեղի և անտեղի ակտիվիստներին հորդորում էր լռել, հանել մաստակը, որն իրականում չկար, կոպիտ սաստում էր տեղից արված նկատողություններին, ինչի հետևանքով ակտիվիստները հաճախ վրդովվում էին:

Ի վերջո, դատավորը Տիգրան Առաքելյանին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով դուրս հրավիրեց: Նրան հետևեց Սարգիս Գևորգյանը, որը դատավորներին անվանեց «Ծախված»: Նրան էլ հետևեց Դավիթ Քիրամիջյանը, որը ևս հեռացվեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

Դատական նիստը երկու անգամ 5-ական րոպեով ընդհատվել է, որպեսզի դատարանում ներկաները խաղաղվեն, բայց նրանք շարունակում են դատավորի հասցեին անհարգալից բառեր հնչեցնել: Դատավորը հեռացել է խորհրդասենյակ:

Դատը հետաձգվել է մինչև վաղը` ժամը 12:00-ը:

Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: