Ադրբեջանական կողմը մերժել է Սարգիս Խանդանյանի առաջարկը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը մերժել է Սարգիս Խանդանյանի առաջարկը։ Այս մասին Խանդանյանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

Հայաստանի ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 20-ին ադրբեջանցի պաշտոնակցին առաջարկել էր հանձնաժողովների հանդիպում անցկացնել՝ հաշվի առնելով խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։

«Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման մասին իմ առաջարկը՝ ինձ անգամ «պոպուլիստ» անվանել: Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- գրել է Խանդանյանը:

Խանդանյանը նշել է, որ իր առաջարկը մնում է սեղանին։

«Ես պատրաստ եմ ներգրավվել միջխորհրդարանական մակարդակով վստահության ամրապնդման միջոցառումներում՝ անխոնջ աշխատելով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- գրել է նա։

Առաջարկն անելիս Խանդանյանը հույս էր հայտնել, որ դրական արձագանք կստանա։

Մեկնաբանել