ԵՄ մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացումը կօգնի բիզնեսին և կխթանի շփումները

ԵՄ-ն և Հայաստանն արձանագրել են էական առաջընթաց մուտքի արտոնագրերի դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերի ուղղությամբ: Այսօր այսպիսի տեսակետ հայտնեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ ԵՄ խորհրդատվական խմբի կազմակերպած սեմինար-քննարկմանը:

«Մենք կարծում ենք, որ այս առաջընթացը կապահովի մուտքի արտոնագրերի մատչելիություն և անկասկած կբարելավի համագործակցությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան` նշելով նաև համաձայնագրի արդյունավետ իրականացման նշանակության մասին:

ՀՀ արտաքին գործերի նախարարության ԵՄ-ի բաժնի պետ Մհեր Մարգարյանն ընդգծել է մուտքի արտոնագրի դյուրացման կարևորությունը ԵՄ-Հայաստան հարաբերությունների համատեքստում` նշելով, որ այն ճանապարհ կհարթի ժողովուրդների միջև շփումների ակտիվացման համար: Նա նաև նշել է, պայմանագրի հաջող իրականացմանը կհաջորդի Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ազատականացման վերաբերյալ երկխոսությունը:

ԵՄ-ի և Հայաստանի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի արդյունքում կպարզեցվեն մուտքի արտոնագրի համար դիմելու կապակցությամբ հիմնավորող փաստաթղթերի ներկայացման գործընթացը, կնվազի մուտքի արտոնագրի համար վճարվող գումարը մինչև 35 եվրո` այդ հնարավորությունն ընձեռնելով ճանապարհորդող անձանց կոնկրետ խմբերի, կկրճատվի մուտքի արտոնագրերի դիմումների ուսումնասիրության համար պահանջվող ժամանակը, ինչպես նաև կդիտարկվի երկարատև վավերականություն ունեցող արտոնագրերի տրամադրման հավանականություն: Այդ արտոնություններն ունեցող խմբերը ներառում են լրագրողներին, ուսանողներին, մշակույթի, արվեստի և սպորտի ոլորտում փորձի փոխանակման շրջանակում ճանապարհորդող, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև առողջական նկատառումներով ճանապարհորդող անձանց: Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը չի կարգավորում կենսաչափական անձնագրերին առնչվող խնդիրներ:

Սեմինարի ընթացքում կքննարկվի նաև մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի և դրան սերտորեն առնչվող Ռեադմիսիայի համաձայնագրի միջև գոյություն ունեցող կապը, ինչպես նաև ԵՄ Շենգեն երկրների հյուպատոսական ծառայությունների դերը Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի իրականացման գործընթացում: