Իսահակյան 42. մի բնակիչը ահազանգում է շենքի փլուզման, մյուսը՝ խոսում ամրացման մասին

Գևորգ Թոսունյան

Երևանի Իսահակյան փողոցի 42 շենքի 4-րդ բնակարանի հիմքային պատերը ճաքեր ունեն։ Տան բնակիչ Տիգրան Հարությունյանն ահազանգում է, որ ճաքերն առաջացել են ներքին հարկում և նկուղում տեղի ունեցած քանդման աշխատանքների հետևանքով։ Շենքն ունի երկու հարկ, նկուղ և ձեղնահարկ։

Կառուցապատումը, ըստ շենքի դիմաց փակցված ցուցանակի, իրականացնում է Համլետ Գևորգյանը, որը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի հայրն է։ 33-ամյա Ռաֆայելը մեծացել է նույն շենքի առաջին հարկի բնակարանում, որը 1990-ականներից պատկանել է հորը։ ՊԵԿ փոխնախագահը ուսանել ու աշխատել է արտերկրում և Հայաստան վերադարձել է 2021-ին, ստանձնել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, 2024-ից ՊԵԿ փոխնախագահ է։ Նա ներկայում հոր լիազորն է, քանի որ հայրը Հայաստանում չէ։ Գևորգյանն ասում է, որ կառուցապատման համար բոլոր փաստաթղթերը ստացել են, դատական մի քանի գործ ունեն Հարությունյանի հետ, որտեղ վերջինս պարտվել է։

Լուսանկարում՝ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը։

Տիգրան Հարությունյանը ՍիվիլՆեթի նկարահանող թիմին ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի փորձագիտական կենտրոնի եզրակացությունը՝ շենքի թիվ 4 բնակարանի տեխնիկական վիճակի վերաբերյալ։

Ըստ այդ եզրակացության՝ բնակարանի ներքին երկայնական պատում առկա ճաքերը կրում են զարգացման դինամիկա, դռների փեղկերն են դեֆորմացվել։

Այս ամենից ելնելով՝ բնակարանի տեխնիկական վիճակը գնահատվում է անբավարար։ Եզրակացվել է, որ բնակելի շենքի առաջին հարկում «թիվ 2 և թիվ 5 նկուղային տարածքներում վերակառուցման աշխատանքների իրականացումը հարկավոր է անհապաղ դադարեցնել»։

«Այս տարածքում՝ այս շենքում, երկրորդ և երրորդ հարկերը պատկանում են ինձ ու իմ ընտանիքին։ Մեր հարևանները՝ Գևորգյանների ընտանիքը, 2010 թվականին ստացել է շինթույլտվություն։ Այդ հիմքով նրանք սկսել են քանդել շենքի հիմքը։ Որպեսզի իրենց բնակարանի համար բարձրություն ապահովեն, նրանք քանդեցին նկուղային հատվածի առաստաղը, ինչպես նաև մի քանի մետր փորեցին շենքի տակ։ Շենքը թողեցին օդում՝ բառի բուն իմաստով»,- ասում է Հարությունյանը։

Ըստ նրա՝ այս գործողությունների հետևանքով շենքը կանգնել է փլուզման վտանգի առջև։

ՍիվիլՆեթը զրուցեց նաև Ռաֆայել Գևորգյանի հետ։ Նա ասաց, որ այդ եզրակացությունը չի տեսել։ Նրա խոսքով, սակայն, կառուցապատումն արդեն իսկ դադարեցվել է՝ հարկադիրի պահանջով։ Այդուհանդերձ, Գևորգյանը կարծում է, որ այդ դադարը կարող է խնդիրներ հարուցել հենց շենքի համար։ ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ իրենք ոչ թե շենքի հիմքերն են փորել, այլ դրա ամրացման աշխատանքներ են անում, ինչին խոչընդոտում է Հարությունյանը։

«Կա տասից ավելի դատական ակտ, որտեղ նա դիմել է՝ իր կամ մոր անունից տարբեր դատարաններ, որ շինարարությունը կասեցվի, բոլոր դեպքերում պարտվել է։ Ընդ որում՝ ինչ պատճառով են վերացվել․ երբ մենք շինարարության աշխատանքները սկսեցին, ըստ նախագծի այն ենթադրում էր, որ հիմքի պատերը մաս-մաս պետք է բացեն, քանի որ շենքը շատ հին է, դրանց տեղում առկա հողի փոխարեն բետոն լցնենք։ Երբ մենք բացում ենք, որ բետոնացման աշխատանքներ կատարենք, Տիգրանը դիմում է դատարան, ու դատարանը կասեցնում է»,- նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ սա էլ կամաց-կամաց հանգեցնում է շենքի դեֆորմացմանը։

«Անգամ եզրակացության հեղինակը նշել է, որ այս փուլում աշխատանքները կասեցնելը կհանգեցնի շենքի փլուզման, ուստի դատարանը շինարարությունը վերականգնել է։ Հետո Տիգրանը նորից այլ դիմումներ է ուղարկել ու տարել կասեցման, բայց հիմա դատական փուլում ենք»,- նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ հիմքերի ամրացման հետևանքով շենքի սեյսմակայունությունը կբարձրանա։ Տվյալ դեպքում, ըստ նրա, շինարարության պարբերական կասեցումը վնասում է շենքի ամրությանը։

Մյուս կողմից, Գևորգյանի խոսքով, Տիգրան Հարությունյանը մինչ այդ իր հատվածում՝ ձեղնահարկում, իրականացրել է քանդման աշխատանքներ ու բետոնապատում, ինչի արդյունքում իր բնակարանն է տուժել, մասնավորապես՝ դռներն են դեֆորմացվել։

Մեկնաբանել