Իշխանամերձ էջերը Աշոտյանին վերագրում են խոսքեր, որոնք նա չի ասել

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Գյումրիում մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են գրառումներ այն մասին, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իբրև թե հայտարարել է, որ քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դժվար թե աջակցի Գյումրու նախկին քաղաքապետ, ներկայիս թեկնածու Վարդան Ղուկասյանին:

Ֆեյսբուքյան մի շարք էջեր, այդ թվում՝ MediaNews, ԱՐՄԵՆԻԱ, ArmeniaNews և այլն, տարածել են տասնյակ գրառումներ «Դժվար թե Գրիգորյանն աջակցի մեկին, ով քաղաքական տարբեր ճամբարներ է փոխել, «Սերժին մերժել». Աշոտյան» վերտառությամբ:

#CivilNetCheck-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ սոցիալական ցանցերի այս էջերի գրառումները մոլորեցնող են։ Իրականում Աշոտյանը նման հայտարարություն չի արել։

Հետքերը տանում են վարչապետի աշխատակազմ

Ֆեյսբուքյան էջերի գրառումները հղում են կատարում Medianews.site լրատվական կայքին: Կայքի հոդվածն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Աշոտյանի իրական խոսքերն են. «Չափը պահե՛ք, որ երեսատեղ ունենաք. տեսաք չէ՞՝ ընտրություններով մենակ հաղթել հնարավոր չէ»։

Իսկ վիճահարույց արտահայտությունը, թե «Գրիգորյանը դժվար թե աջակցի քաղաքական ճամբարներ փոխած մեկին», իրականում հոդվածի անանուն հեղինակի անձնական վերլուծությունն է, ոչ թե Աշոտյանի խոսքը։

«Ինֆոքոմի» 2021-ի հոկտեմբերի հետաքննությունը ցույց էր տվել, որ այս «սունկ» կայքերը և էջերը պատկանում են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։ Մինչ օրս վարչապետի աշխատակազմը կամ Չախոյանը չեն հերքել այս կապերը։

Նման էջերը վերջին տարիներին ակտիվորեն օգտագործվել են ներկայիս իշխանությունների քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով՝ հատկապես ընտրությունների ժամանակ։ Այդպիսի պրակտիկա կիրառվել է նաև Փարաքարի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։

Ինչ է իրականում ասել Աշոտյանը

Արմեն Աշոտյանն այս պահին գտնվում է տնային կալանքի տակ և դատարանի որոշմամբ զրկված է սոցցանցերից օգտվելու հնարավորությունից: Վերջին օրերին նրա միակ հրապարակային ելույթը եղել է մարտի 31-ի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցը:

Այդ զրույցի ընթացքում Աշոտյանը, մեկնաբանելով Գյումրու ՏԻՄ ընտրությունները, ասել է. «Մեր ընդդիմադիր գործընկերները տարբեր ճամբարներից իրենց հակաքարոզչության մեջ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի, մեր գործընկերների հանդեպ, պետք է մի քիչ չափը պահեն, որ վաղը մյուս օր երեսատեղ ունենան միասնական պայքարի։ […] Ընտրություններով մենակով հաղթել հնարավոր չէ»։ Ավելի վաղ Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հերքել էր համացանցում տարածվող այդ գրառումները։

Գյումրիի քաղաքապետի ընտրությունների համատեքստը

Գյումրիի ընտրություններն ունեն կարևոր քաղաքական նշանակություն։ Արդյունքներով որևէ քաղաքական ուժ չի ստացել անհրաժեշտ թվով ձայները քաղաքապետ ընտրելու համար։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 33 մանդատից 14-ը, մինչդեռ անհրաժեշտ է առնվազն 17 ձայն։

Ավագանու ընտրություններում շեմը հաղթահարած «Մայր Հայաստանը» և «Իմ հզոր համայնքը» պատրաստակամություն են հայտնել աջակցելու առավել շատ ձայներ հավաքած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Սակայն առանցքային է դարձել Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի դիրքորոշումը, որը դեռ հստակ չէ։

Ընտրություններից հետո Գրիգորյանը, որը լուրջ տարաձայնություններ ունի Ղուկասյանի հետ, Ֆեյսբուքում գրել է. «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս՝ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է», սակայն դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը։

Այսպիսով, Աշոտյանին վերագրվող խոսքերով սոցիալական ցանցերի գրառումները մոլորեցնող են․ նա նման հայտարարություն չի արել։ Ավելի վաղ #CivilNetCheck-ն արդեն բացահայտել էր, թե ինչպես են ֆեյսբուքյան կեղծ էջերը վճարովի գրառումներով հակաքարոզչություն իրականացնում ընդդիմադիր թեկնածուների դեմ։

Տես՝ Որքա՞ն գումար են ծախսել Գյումրիում մրցող քաղաքական ուժերը Meta-ում գովազդի համար

Մեկնաբանել