Վրաստանում Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել

Վրաստանում ստորագրահավաք է սկսվել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վաղաժամ հրաժարականի պահանջով։ Ինչպես հաղորդում է civil.ge-ն, համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել վրացական «Միաբանություն՝ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունը։

Վրաստանի նախագահի հրաժարականի պահանջին արդեն աջակցել են մշակույթի տասնյակ գործիչներ, մասնավորապես՝ գրողներ Ջանսուգ Չարքվիանին և Չաբուա Ամիրեջիբին, ռեժիսորներ Ռեզո Չխեիձեն և Գիգա Լորտկիպանիձեն։ Ստորագրահավաքը, ինչպես տեղեկացրել է հասարակական կազմակերպության ղեկավար Միխաիլ Անգուլաձեն, իրականացվելու է ամբողջ երկրում։

Արդյոք տվյալ նախաձեռնությունը համաձայնեցված է նոր իշխանությունների հետ, թե ոչ՝ չի հստակեցվում։

Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրեց 2004թ․ հունվարին՝ հաղթելով ընտրություններում Վարդերի հեղափոխությունից հետո։ 2008թ․ հունվարին տեղի ունեցան վաղաժամ ընտրություններ, որոնցում նա վերընտրվեց երկրորդ (և համաձայն Վրաստանի Սահմանադրության՝ վերջին) ժամկետում։ Նախագահի հերթական ընտրությունները Վրաստանում ծրագրված են 2013թ․ հոկտեմբերին։

Սաակաշվիլիի վաղաժամ հրաժարականի հարցն ակտուալացվեց Վրաստանի կառավարության փոփոխությունից հետո։ Հիշեցնենք, որ երկրում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթեց միլիարդատեր գործարար Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը։ Ավելի ուշ ձևավորվեց նախարարների նոր կաբինետը՝ Իվանիշվիլիի գլխավորությամբ։ Այս ֆոնին կառավարության և խորհրդարանի աջակցությունը կորցրած Սաակաշվիլիի ազդեցությունը զգալի նվազեց։

«Վրացական երազանքի» ներկայացուցիչները դեռ նախքան խորհրդարանական ընտրությունները Սաակաշվիլիի հրաժարականի կոչ էին անում՝ սպառնալով հակառակ դեպքում նախաձեռնել իմփիչմենթի գործընթաց։ Ընտրություններից հետո այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Իվանիշվիլին։ Ճիշտ է՝ ավելի ուշ նա փոքր-ինչ մեղմեց տոնը և հայտարարեց, որ նախագահի հրաժարականի հարցը «քաղաքական պահանջ չէ»։

Այդուհանդերձ, չնայած նրան, որ Սաակաշվիլիի հրաժարականի հարցը պաշտոնական մակարդակում չի դրվում, «Վրացական երազանքի»՝ իշխանության եկած ներկայացուցիչները հայտարարել են գործող նախագահի լիազորությունները սահմանափակելու մտադրության մասին։ Բացի այդ՝ Վրաստանի նոր կառավարությունը տեղեկացրել է, որ նախագահի աշխատակազմի ծախսերը սահմանափակվելու են։ Նախագահին նաև առաջարկվել էր ազատել իր նստավայրը Թբիլիսիի պատմական կենտրոնում և տեղափոխվել կառավարության շենք։

Մեկնաբանել