Ուղևորատար տրանսպորտը պետք է աշխատի նաև ուշ ժամերին. Տ. Մարգարյան

Բոլոր երթուղիներում ուղևորատար տրանսպորտը պետք է աշխատի մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցով, նաև օրվա ուշ ժամերին, այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցությանն ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Երթուղիների սպասարկումը խախտումներով իրականացնող ընկերությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան: Մեր համաքաղաքացիները պետք է ստանան որակյալ սպասարկում»,- ընդգծել է նա:

Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապատերանի 2012թ. շինբարեկարգման ծրագրերով նախատեսված փոսերի նորոգման և ճաքալցման աշխատանքները:

Կրթության վարչության պետը զեկուցել է, որ մատակարարվող սննդի որակի վերահսկողության, ինչպես նաև դրամահավաքության երևույթները բացառելու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում են ստուգայցերն ու պարբերական խորհրդակցությունները: Անցյալ շաբաթ իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հետևանքով աշխատանքից ազատվել են թիվ 51 դպրոցի և թիվ 60 մանկապարտեզի տնօրենները: