«Սլաբոդկայից» մինչև «Թուրքի մայլա». թաղերը որոշեցին ընտրության ելքը

Մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի երկրորդ քաղաքում շարունակում է գործել հեղինակությունների վրա հիմնված ընտրական տրամաբանությունը։ Ինչպես նախկինում, այս անգամ նույնպես Վարդան Ղուկասյանը և Մարտուն Գրիգորյանը շատ ձայներ են հավաքել իրենց հարազատ թաղամասերում։

Մասնակցության ցուցանիշները և արդյունքները

Գյումրիի ավագանու ընտրություններին տոկոսային հարաբերակցությամբ ամենաբարձր մասնակցության ցուցանիշը 31/45 ընտրական տեղամասում է գրանցվել։ Այստեղ 1,727 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 926-ը կամ շուրջ 57 տոկոսը: Այս տեղամասում ամենաշատ ձայները ստացել է Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ 574 ձայն (մասնակիցների 62 տոկոսը)։ Հենց այս նույն ընտրատեղամասն ու դրա շրջակայքը ավանդաբար համարվում է «Ղուկասյանի» թաղ. սա Գյումրու պատմական կենտրոնի «Սլաբոդկա» թաղամասի ընտրատեղամասերից մեկն է։ Վարդան Ղուկասյանը քանակական առումով ամենացածր քվեները ստացել է 31/12 տեղամասում. 202 ընտրողներից նրա օգտին ձայն են տվել 34-ը (շուրջ 17 տոկոսը): Այս տեղամասը գտնվում է Գյումրու ամենաաղքատ թաղամասում՝ Շերամ 2-ում։

Վարդան Ղուկասյանն ընտրության օրը՝ մարտի 30-ին, լուսանկարը՝ Ժաննա Ավագյանի, ՍիվիլՆեթ

Մասնակցության ամենացածր ցուցանիշը տոկոսային հարաբերակցությամբ 31/37 ընտրական տեղամասում է գրանցվել, որտեղ 1,008 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 293 քաղաքացի կամ ընդամենը 29 տոկոսը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամենաշատ քվեներ է ստացել 31/70 ընտրական տեղամասում՝ 898 մասնակցից 603-ը (67 տոկոսը) ձայն է տվել ՔՊ-ին։ Այս տեղամասում նույնպես բարձր մասնակցություն է գրանցվել՝ ընտրելու իրավունք ունեցող անձանց 51 տոկոսը եկել և քվեարկել է։

Հարկ է նշել, որ 31/70 տեղամասում ընտրության օրը բավականին լարված էր անցնում։ Գրանցվեցին ընտրախախտումների մասին մի քանի ահազանգեր, անգամ փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանն էր այցելել տեղամաս, ինչը արձանագրել էին լրատվամիջոցները։ Սակայն հետագայում այս ընտրական տեղամասում այնպիսի խախտումների մասին չհաղորդվեց, որոնք կազդեին վերջնական արդյունքների վրա։

Սարիկ Մինասյանը ընտրության օրը՝ մարտի 30-ին, լուսանկարը՝ Ժաննա Ավագյանի, ՍիվիլՆեթ

ՔՊ-ն ամենաքիչ ձայները քանակական առումով ստացել է 31/63 տեղամասում՝ 36 քվե (39 տոկոս)՝ 185-ից։ Սա էլ Երկաթե շատրվանի հարևանությամբ տեղամասերից է։ Ի դեպ, այս թաղամասում գրանցվել է ամենացածր մասնակցությունը։

Մյուս թեկնածուների արդյունքները

Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքն ամենաշատ ձայները հավաքել է 31/49 ընտրական տեղամասում, որտեղ 1,638 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 756-ը, և նրանցից 417-ը (55 տոկոսը) ընտրել է Գրիգորյանի ղեկավարած դաշինքին։ Ամենաքիչը Գրիգորյանին ձայն են տվել 31/59 տեղամասում, որտեղ 760 ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 264-ը (35 տոկոս), իսկ նրանցից Գրիգորյանին ընտրել էր ընդամենը 12 քաղաքացի։

Վերլուծելով ինչպես Վարդան Ղուկասյանի, այնպես էլ Մարտուն Գրիգորյանի օգտին ամենաշատը քվեարկած ընտրական տեղամասերը, կարելի է եզրակացնել, որ Գյումրիում դեռևս պահպանվել է թաղամասային ու տեղային հեղինակությունների համար քվեարկելու տրամաբանությունը։

Մարտուն Գրիգորյանը որդու՝ Կարեն Գրիգորյանի հետ դատարանի դիմաց մարտի 28-ին, լուսանկարը՝ Panorama.am-ի

Մարտուն Գրիգորյանը երեք ամենաբարձր արդյունքները գրանցել է այսպես կոչված «Թուրքի մայլա» թաղամասում, որտեղ նա միշտ էլ հեղինակություն է վայելել։ Այդ թաղամասի տեղամասերն են 31/49 (417 ձայն), 31/48 (366 ձայն) և 31/47 (299 ձայն): Նույն տրամաբանությամբ Վարդան Ղուկասյանն ամենաբարձր արդյունքներն արձանագրել է «Սլաբոդկա» թաղամասի ընտրատեղամասերում՝ 31/45 (574 ձայն), 31/46 (411 ձայն) և 31/44 (237 ձայն):

Կարեն Սիմոնյանի ղեկավարած «Մայր Հայաստան» դաշինքն ամենաշատ ձայներ հավաքել է 31/72 տեղամասում, որտեղ քվեարկությանը մասնակցած 718 քաղաքացիներից նրա օգտին ձայն են տվել 98-ը (մոտ 14 տոկոսը)։ Քանակական առումով ամենացածր արդյունքը Սիմոնյանի համար գրանցվել է 31/18 և 31/60 տեղամասերում՝ յուրաքանչյուրում ընդամենը 9 ձայն։

Ռուբեն Մխիթարյանի ղեկավարած «Իմ հզոր համայնքը» դաշինքն ամենաշատ ձայներ հավաքել է 31/58 տեղամասում՝ 632 մասնակցից նրա օգտին քվեարկել է 107-ը (մոտ 17 տոկոսը)։ Ամենացածր արդյունքը քանակական առումով գրանցվել է 31/63 տեղամասում, որտեղ 139 մասնակցից նրան ընտրել է ընդամենը 11-ը (մոտ 8 տոկոսը)։

Համեմատություն 2021 թվականի հետ. կոմունիստներն առանց Ղուկասյանի

Կոմունիստական կուսակցության քարոզչական պաստառը 2021-ի ընտրությունների համար

2021 թվականին Գյումրիում անցկացվեցին ավագանու անդամների հերթական ընտրություններ։ Այդ ընտրություններին ևս Կոմունիստական կուսակցությունը մասնակցում էր, սակայն առանց Վարդան Ղուկասյանի։ Այն ժամանակ կուսակցությունը ստացել էր ընդամենը ընտրողների շուրջ 1 տոկոսը կամ 260 ձայն։

2021-ի ընտրություններին այն տեղամասերում (31/44, 31/45 և 31/46), որտեղ 2025-ին Վարդան Ղուկասյանը բարձր արդյունք գրանցեց, ձայները հիմնականում բաժանվել էին ՔՊ-ի ու Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ղեկավարած «Բալասանյան» դաշինքի միջև։

Անհատներ, թե կուսակցական գաղափարախոսություն

Ինչպես 2025-ի արտահերթ, այնպես էլ 2021-ի հերթական ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Գյումրիում (և հավանաբար ամբողջ Հայաստանում) մարդիկ մեծամասամբ ձայն են տալիս այն քաղաքական ուժերին, որոնք շեշտը դնում են քաղաքապետի իրենց թեկնածուների վրա, այլ ոչ թե գաղափարների։ 2025-ի ընտրություններին այդ շեշտադրումներն ավելի սրված էին. քաղաքական ուժերը ներկայանում էին առաջին համարներով, ոչ թե կուսակցական ծրագրերով։ Պատահական չէ, որ նույն քաղաքական ուժերը 2021-ին, հանդես գալով առանց խարիզմատիկ թեկնածուների, չեն արձանագրել այն արդյունքները, ինչ 2025-ի ընտրություններին։

Գլխավոր լուսանկարում՝ մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրությունների մասնակցած քաղաքական ուժերի քաղաքապետի թեկնածուները, կոլաժը՝ ՍիվիլՆեթի

Մեկնաբանել