Ալյումինի փայլաթիթեղի արտահանման ծավալն աճել է 7,2%-ով

2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Երևանի փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանը, որն աշխարհում այլումինի և կավահողի  խոշորագույն արտադրող «Ռուսալ» ընկերության կազմում է, արտադրել է 19 543,8 տ արտադրանք, որը 4,9% ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում են «Արմենալի» մամուլի ծառայությունից:

Ինչպես վկայում է ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի հաշվետվությունը, «Արմենալը» պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտահանողն է: Հանրապետության Մաքսային ծառայության տվյալներով` այս տարվա 9 ամիսների ընթացքում ալյումինի փայլաթիթեղի արտահանման ծավալը կազմել է 19 113,5 տ, որը 7,2%-ով ավելին է, քան 2011թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշը: «Արմենալի» մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 5,7%, իսկ ԱՄՆ արտահանման մեջ հասել է 87%-ի:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հարկային ծառայության տվյալներով` գործարանի պետբյուջե մուտքերը 16,4%-ով ավելի են, քան 2011թ.           9 ամիսների ընթացքում:

«Արմենալում» արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվել է աշխատավարձի կայուն աճով, որի միջին ամսական ցուցանիշն ընթացիկ տարում կազմել է 261,7 հազ. դրամ, ինչը 4%-ով ավելին է անցած տարվա մակարդակից:

Միաժամանակ` «Ռուսալը» ևս հրապարակել է իր եռամյսակային ցուցանիշները: 2012թ. 9 ամիսներին առաջնային ալյումինի արտադրությունը 2011թ. ցուցանիշի համեմատ ավելացել է 2,3%-ով` կազմելով 3,135 մլն տ: 2012թ. 3-րդ եռամսյակում առաջնային ալյումինի թողարկումը կազմել է 1,042 մլն տ:

«Ռուսալի» գլխավոր տնօրեն Օլեգ Դերիպասկային խոսքով` թեև կարճաժամկետ հեռանկարում ոլորտի աճը շարունակում է մնալ անորոշ, այդուհանդերձ, այն քայլերը, որ ձեռնարկվում են այսօր առաջարկի ավելցուկի լուծման կապակցությամբ, ինչպես նաև ալյումինի պահանջարկի աճը զարգացող շուկաներում, թույլ են տալիս ընկերությանը վստահ լինել իր ընտրած ռազմավարության և երկարաժամկետ հեռանկարների հարցում: