Ժաննա Ավագյան
«էս աղջիկները կթողնե՞ն, որ մարդը մեղք չգործի։ Գեղեցիկ հագած, ոտքերը բաց․․․ տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում». սա մեջբերում է Գյումրիի ավագանու մարտի 30-ի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից։
Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում և դրանից հետո թեկնածուներից ու քաղաքական գործիչներից մի քանիսն առանձնացան անձնական վիրավորանքներով, միմյանց թիրախավորելով ու որոշակի խմբերի դեմ ատելության խոսքով։ Այս մասին արձանագրել են նաև ընտրությունների ընթացքին հետևած դիտորդական առաքելությունները։
Ականատես դիտորդական առաքելությունը նշում է, որ նման վարքագծի մեկնարկը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քարոզարշավից առաջ Փաշինյանը Գյումրիում իր ելույթի ժամանակ ասաց․ «Ոմանք առնետների նման դուրս են եկել փողոցներում քաղաքական արշավ են անում․․․ նրանց պետք է հետ ուղարկենք իրենց առնետային նկուղները»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու Էմմա Պալյանը շարունակեց նույն բառամթերքով. «Գյումրեցիները մարտի 30-ին առնետներին կուղարկեն համապատասխան վայրեր»։
Ատելության խոսքն ու վիրավորանքը միայն ելույթներում չէ, որ հնչում էին․ «Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական արշավում ևս նման ձևակերպումներ կային. «Խաբողը ՔՊ-ական լինի»։ Նույն կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հարցազրույցներից մեկում «Քաղաքացիական պայմանագրի» մասին խոսելիս, ասում է. «Իրենց կողքին ադրբեջանցիներն ու թուրքերն են»։
Քարոզչության թիրախում ակամ հայտնվեց նաև Արցախը։ Մարտի 28-ին քաղաքապետի թեկնածուների նախընտրական հեռուստաբանավեճին Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սարիկ Մինասյանը հայտարարեց, թե «Ղարաբաղը էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները գումար էին վճարում, որ չգնան այնտեղ ծառայեն»։ Սա լայնորեն մեկնաբանվեց որպես Արցախի ու արցախցիների թիրախավորում, որոնք առանց այն էլ սոցիալական ծանր վիճակում են 2023-ի էթնիկ զտումից հետո։
Մրցակիցներին (և ոչ միայն) թիրախավորելու, վիրավորանք տարածելու հարցում առանձնահատուկ էր Կումունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը։ «Երկիրը ղեկավարվում է անգլո-թուրքական շների կողմից»,- ասում էր նա։
Ընտրություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Ղուկասյանը թիրախավորեց ԼԳԲՏ համայնքին։ Լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների ներկայությանը Գյումրիում, պատասխանեց.
«Դուք էլ, եթե զզվում եք ԼԳՏԲ-ից, եկեք կողքս կանգնեք, դուք տեսեք, թե ես ինչ կանեմ ԼԳՏԲ-ի գլխին»։ Ղուկասյանն ապա վստահեցրեց, որ եկեղեցու մեջ կգնդակահարի այն քահանային, որը միասեռականների պսակադրություն կանի։
Լրագրողի հարցին, թե [Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ] Միքայել Սրբազանն ինչո՞ւ է ասում՝ Վարդան Ղուկասյանը թողություն ստանալու հաջորդ վայրկյանին կարող է կրկին մեղք գործել, Ղուկասյանն ասաց. «Էդպիսի մարդ չկա, որ աշխարհում ապրի ու մեղք չգործի... Ու հետո, էս աղջիկները կթողնե՞ն, որ մարդը մեղք չգործի։ Գեղեցիկ հագած, ոտքերը բաց․․․ Տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում»:
Գենդերային և կանանց իրավունքների ուսումնասիրության մասնագետ Անի Կոջոյանի կարծիքով՝ արդեն քարոզարշավից սկսած, նաև քաղաքական բանավեճերի ընթացքում հնչում էին հայրիշխանական դիսկուրսին բնորոշ ագրեսիվ հայտարարություններ։ Կոջոյանի խոսքով՝ ադ խոսույթները մանիպուլյացիոն գործիք են քաղաքական այս կամ այն ուժի համար։
«Պետք է լինեն մեխանիզմներ, տարբեր հարթակներ, որոնք մշտադիտարկման կենթարկեն ու հաշվետու կպահեն։ Պետք չէ ապավինել այս կամ այն անհատ փորձագետի կարծիքին․ դա որպես ընդամենը կարծիք է մնալու։ Անպատժելիության արդյունքում նման խոսույթները, միամիտ թվացող կարծրատիպերը շղթայաբար շարունակվելու են»,- վստահեցնում է Անի Կոջոյանը։
Կանանց ռեսուրսային կենտրոնը դատապարտել է նմանօրինակ հայտարարությունները։ «Կանանց, ԼԳԲՏ+ կամ որևէ այլ սոցիալական խմբի թիրախավորող խոսույթն անթույլատրելի է, առավել ևս՝ հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից: Նման հայտարարությունները նպաստում են Հայաստանում բռնության հանդեպ հանդուրժողականության մթնոլորտի տարածմանը՝ խրախուսելով համակարգայնորեն անտեսված խմբերի հանդեպ խտրականության և բռնության խորացմանը»,- նշված է հայտարարությունում։
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր տարածելու համար։ Գյումրու ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ օրենքը չի կիրառվում և հնչեցրած հայտարարությունների համար որևէ մեկը պատասխանատվության դեռ չի ենթարկվել։
Civilnet











