Թուրքիայում ցանկանում են վերականգնել մահապատիժը

Թուրքիայի «Մեծ միասնություն» կուսակցությունը պայքարում է Թուրքիայում մահապատիժը վերականգնելու համար, հաղորդում է Zaman-ը: Կուսակցության նախագահ Մուստաֆա Դեստիջին ասել է, որ իրենք վճռական են և ամեն ինչ կանեն, որ մահապատիժը Թուրքիայում կրկին կիրառվի:

Դեստիջին ասել է, որ մահապատիժը պետք է կիրառվի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների նկատմամբ, որոնք ահաբեկչական գործողություն են իրականացնում, գողանում են երեխաներին և այլն: Թուրք կուսակցապետը PKK-ի անդամներին անվանել է այլասերված մարդասպաններ:

«Մեծ միասնություն» կուսակցության նախագահը մտադիր է նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովին ներակայացնել իր կուսակցության կազմակերպած ստորագարահավաքի արդյունքները: Նրա խոսքով` հավաքվել է 2 մլն ստորագրություն: Մահապատժի վերականգնման առաջարկությունը ներկայացվելու է Թուրքիայի խորհրդարանի «Արդարություն և զարգացում», Ժողովրդահանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցություններին:

Դեստիջին նշում է, որ մահապատժի վերականգնման ուղղված ջանքերը սկսվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետը խոսեց այս թեմայի շուրջ: Նկատի ունենալով PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին` նա նշել էր, որ իրենք ժամանակին ուզում էին նրան մահապատժի ենթարկել, սակայն որոշ հանգամանքներ խանգարեցին դրան:

Հիշեցնենք, որ մահապատիժը Թուրքիայում վերացվել է 2002թ.:

Մեկնաբանել