Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով նոյեմբերի 12-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Ուրուգվայի խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների, Հայաստան- Ուրուգվայ պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ: Նախատեսվում է պարոն Օռիկոյի ելույթը Ազգային ժողովի նիստում: Երևանի Պետական Համալսարանում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կհանդիպի ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Մեկնաբանել