Սոցիալական պաշտպանության ոլորտին 2013թ.-ին կհատկացվի Դ4,1 մլրդ-ով պակաս

Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է նստաշրջանի և ընթացիկ քառօրյա նիստերի օրակարգերը, որոնք հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ քառօրյայում քննարկված հարցերը. տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

Այնուհետև խորհրդարանը շարունակել է քննարկել նախորդ քառօրյայի վերջին նիստում ընդհատված «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելով՝ հանձնաժողովի անդամ Գարեգին Նուշիկյանը կոչ է արել կողմ քվեարկել օրինագծերի փաթեթին:

Քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետներ են հայտնել ԱԺ պատգամավորները: Ըստ Հրանտ Բագրատյանի՝ Հայաստանում չկա զբոսաշրջության աճ: Պատգամավորը ոլորտի կարգավորման առումով կարևորել է ազգային ավիափոխադրողի մոնոպոլիայի վերացումը: Կարեն Ճշմարիտյանի կարծիքով՝ օրինագծերի ընդունումը կնպաստի Հայաստանում զարգացնելու հյուրանոցային տնտեսությունը: Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի նպատակը շքեղության խրախուսումն է և տարածումը: Ըստ պատգամավորի՝ մինչդեռ այդ շքեղության համար կարող են վճարել սակավաթիվ մարդիկ:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, նշել է, որ կառավարությունը պատրաստ է առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կազմակերպել շահագրգիռ քննարկումներ:

Այնուհետև ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը երկրորդ ընթերցման ընթացակարգով պատգամավորների քննարկմանն է ներկայացրել  «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

«Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումը օրինագծի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Պատգամավորի կարծիքով՝ կոռուպցիան և ստվերային տնտեսությունը վերացնելու պարագայում հնարավոր կլինի քառապատիկ ավելացնել նվազագույն աշխատավարձը: Խմբակցության ղեկավարը նշել է, որ դեմ են քվեարկելու օրինագծին:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ կարիք չկա ընտրությունների նախաշեմին քաղաքական ամբիոնը դարձնել շահարկման առարկա: «ՀՀ հասարակությունը, ժողովրդի մեծամասնությունը յուրաքանչյուր ընտրությունից ընտրություն ապացուցել է, որ իր խնդիրների լուծումը կապում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ»,-ասել է ԱԺ փոխնախագահը:

Եզրափակիչ ելույթ ունեցավ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և պարզաբանումներ է տվել ելույթներում հնչած տեսակետների վերաբերյալ: Ըստ նրա՝ այսօր հնարավոր չէ շեշտակի բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ նշվել է, որ առաջարկներ չեն եղել:

«ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության օրինագիծը կից փաթեթով ներկայացրել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրելյանը, նշելով, որ ստացվել է 1 առաջարկ, որն ընդունվել է:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվել է նաև «Եկամտային հարկի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որի վերաբերյալ ևս առաջարկներ չէին եղել:

Այնուհետև խորհրդարանը ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածի համաձայն սկսել է քննարկել «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ևս ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ 2013 թվականին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, տնտեսության դիվերսիֆիկացման խորացմանն ու արտահանելի ծավալի մեծացմանը, իրականացվող տնտեսական քաղաքականության սոցիալական ուղղվածության, ինչպես նաև՝ մակրոտնտեսական կայունության պահպանմանը: Կառավարության ուշադրության կենտրոնում են շարունակելու մնալ հանրապետության տարածքային ամբողջականության և տարածաշրջանային կայունությունն ու ուժերի հավասարակշռության պահպանման գերակայությունները:

Պետական բյուջեի եկամուտները 2013 թվականի համար ծրագրվել է 1.31 տրիլիոն դրամ, ինչը ընթացիկ տարվա եկամուտներից ավելի է 13,2 տոկոսով: Պետական բյուջեի եկամուտների կազմում մեծ տեղ են գրավում հարկային եկամուտները և պետական տուրքերը՝ 96,25 տոկոս: Պաշտոնական դրամաշնորհները կկազմեն 1,6 տոկոս, իսկ այլ եկամուտնմերը՝ 2,16 տոկոս:

Ծախսերը 2013-ին նախատեսված է 1. 151 տրիլիոն դրամի չափով: Ընթացիկ ծախսերը կկազմեն 83,1 տոկոսը, 16, 9 տոկոսը բաժին կհասնի կապիտալ ծախսերին: 2012 թվականի համեմատ՝ հաջորդ տարվա ծախսային մասն ավելի է 107,2 մլրդ դրամով: Շուրջ 42 տոկոս կազմում են սոցիալական ոլորտի ծախսերը, պաշտպանության և հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության ոլորտի ծախսերը կազմում են 21 տոկոս: 14 տոկոս բաժին է հասել տնտեսության ճյուղերին, 4,5 տոկոս կուղղվի պետական պարտքի սպասարկմանը, համայնքներին ուղղված դոտացիաները կկազմեն 3,1 տոկոս:

2013 թվականի բյուջեի նախագծում հաշվի են առնվել ՀՀ Ազգային ժողովի ընդունած նվազագույն աշխատավարձի և եկամտահարկի փոփոխության վերաբերյալ օրինագծերով նախատեսվող ֆինանսական ավելացումները:

Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև տարբեր ոլորտներում նախատեսված ֆինանսական հատկացումները: Ըստ այդմ՝ կրթության ոլորտի ծախսերի իրականացման համար կհատկացվի 108 մլրդ դրամ, որի հիմնական մասը կուղղվի հանրակրթությանը՝ շուրջ 67 մլրդ դրամ: Բարձրագույն կրթության գծով ծախսերի իրականացման համար նախատեսվել է 7 մլրդ 817 մլն դրամ, ինչն այս տարվա ծախսերից ավելի է 1,2 տոկոսով: 754 մլն դրամ նախատեսվել է տարրական դասարանների աշակերտներին գրքերով ապահովելու համար:

Գիտության ոլորտի ծախսերի համար նախատեսված է հատկացնել 11,2 մլրդ դրամ: Առողջապահության ոլորտին կհատկացվի 70 մլրդ դրամ: Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերն իրկանացնելու համար նախատեսված է հատկացնել 303 մլրդ դրամ, ինչը 4,1 մլրդ դրամով պակաս է ընթացիկ տարվա ֆինանսական ծավալից: Նվազումը պայմանավորված է աղետի գոտում բնակարանաշինական ծրագրի ավարտով:

2013 թվականին նախատեսված է շարունակել պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսված է հատկացնել 19,5 մլրդ դրամ: Եկող տարի այս ծրագրից օգտվողների թիվը կավելանա 31 հազարով, այս տարվա 120 հազարի փոխարեն: Ծրագրում կընդգրկվեն նաև հիմնարկների և կազմակերպությունների տեխնիկական աշխատողները:

Կրոն և մշակույթ ծախսային հոդվածների իրականացման համար կտրամադրվի 18 մլրդ դրամ: Այստեղ ծախսերը 4,7 մլրդ-ով նվազել են՝ ի հաշիվ 2 ծրագրերի ավարտման:

Պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերի համար նախատեսված է հատկացնել 62,5 մլրդ դրամ, 2012 թվականին այս նպատակով հատկացվել է 58 մլրդ դրամ: Արտաքին գործունեության ոլորտի ծախսերի համար նածխատեսված է հատկացնել 7,6 մլրդ դրամ. այս ոլորտում ֆինանսական հատկացումներն ավելացվել են 911 մլն դրամով, ինչը պայմանավորված է 3 երկրներում դեսպանատների բացմամբ:

156 մլրդ դրամի չափով ներդրումներ կլինեն արդյունաբերության ոլորտում:

Պետական պարտքի սպասարկման համար կհատկացվի 52,5 մլրդ դրամ:

Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ բյուջեի դեֆիցիտը կազմում է 119 մլրդ 800 մլն դրամ. ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ներքին և արտաքին աղբյուրներից:

Հիմնական զեկուցողը պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին աշխատատեղերը ավելացնելու և նվազագույն աշխատավարձը բարձրացնելու՝ ՀՀ կառավարության կարճաժամկետ և երկարաժամկետ քաղաքականությանը, պետական բյուջեից կուսակցություններին ֆինանսական հատկացումներն ավելացնելու հնարավորությանը, ապրանքների արտահանման և ներմուծման ծավալների տարբերության նվազեցմանը, հարկային և մաքսային քաղաքականությանը, տնտեսական ռիսկերին ու դրանց կարգավորման մեխանիզմներին, գյուղատնտեսության ֆինանսավորմանն ու գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորմանը, սոցիալական փաթեթին, կրթության ոլորտի ֆինանսավորմանն ու ակնկալվող արդյունքներին, բուժաշխատողների աշխատավարձերին, ավագ դպրոցների ֆինանսավորմանը, ծրագրային բյուջետավորմանն անցնելու ժամկետներին, քրեակատարողական հիմնարկների նյութական-կենցաղային պայմանների բարելավմանը, կոոպերացիայի խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներին:

«ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովի՝ նոյեմբերի 13-ի նիստում: