Հայաստանի հավաքականը բաց մարզում անցկացրեց

Հայաստանի հավաքականն սկսեց նախապատրաստությունը Լիտվայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:

Ավանի ֆուտբոլային ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի հավաքականի հավաքը: Այսօր տեղի ունեցած մարզմանը Հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստներից բացակայում էին Էդգար Մանուչարյանն ու Ռոբերտ Արզումանյանը, որոնք դեռ այսօր մասնակցում էին իրենց ակումբների հանդիպումներին: Յուրա Մովսիսյանը չի ժամանել հավաքական վնասվածքի պատճառով, իսկ Ռոման Բերեզովսկին հավաքականին կմիանա վաղը: Մարզմանը չէր մասնակցում նաև Հրայր Մկոյանը, ով վնասվածք էր ստացել երեկ տեղի ունեցած “Շիրակ”-“Միկա” հանդիպման ընթացքում: Առայժմ հարցականի տակ է Արտյոմ Խաչատուրովի մասնակցությունն ուսումնամարզական հավաքին, իսկ ահա Ռուսաստանի առաջնության վերջին տուրում վնասվածք ստացած Արթուր Սարկիսովը մյուսների հետ միասին մասնակցեց մարզմանը:Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Այսօրվա մարզումն այնքան էլ ծանրաբեռնված չէր: Ֆուտբոլիստները սահմանափակվեցին թեթև նախավարժանքով և գնդակով մի քանի վարժություններով: Վաղը տեղի կունենա հավաքականի երկրորդ և վերջին մարզումը Լիտվայի հավաքականի հետ հանդիպումից առաջ, որը փակ կլինի լրագրողների համար: