Այսօր մեր կալանավորները գտնվում են մարդկային մտքից դուրս դաժանության պայմաններում. «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում նշեց Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության փոխնախագահ Գուրգեն Եղիազարյանը: «Ինչի՞ կալանավորները նախարարին չեն դիմում,- հարցրեց նա ու բացատրեց,- քանի որ կա ներքին կառավարում՝ քրեական աշխարհի կառավարում, քանի որ եթե փորձեն ձեզ հետ խոսել, ձեզ հետ խոսելուց հետո երեկոյան նրան խցում ահավոր կտտանքի կենթարկեն: Ամեն խոսելուց հետո նա պիտի գա ու բարաքում հաշվետվություն տա՝ ում հետ խոսաց, ինչ խոսաց»: Ըստ նրա՝ այսօր փոքրիկ հանցագործություն կատարած մարդը, որ մտնում է կալանավայր, «էնտեդից գայլ դարձած դուրս է գալիս»:
Եղիազարյանը ոչ մի նախադրյալ չի տեսնում, որ այս ընտրություններն առավել արդար են լինելու: «Հիշեք, որքան շատ խոսեն թափանցիկի ու արդարի մասին, էնքան ավելի խայտառակ է լինելու»,- հայտարարեց նա: Ոչ արդար ընտրությունների, ըստ նրա, լավագույն ապացույցն է. «Չի կարող մի երկրում լինել 1.2 մլն սոված մարդ, ըստ սրանց վիճակագրության, ու էդքան մարդ էլ գնա ու սրանց ձեն տա»:
«Եթե ես վաղը գրեմ Հայաստանի իրողությունների մասին, կլինի լավագույն ֆանտաստիկ վեպը: Մենք գիտենք, որ 10 հազար դրամ գողացած մարդուն չեն ներում: Մենք ներում ենք մարդու, ով 50 մլն դոլարի վնաս է տվել մեր երկրին: Դա Տիգրան Սարգսյանն է: Ոսկին ծախեց, թուղթ սարքեց: Ասենք թե՝ խելքը չէր հասնում, ասենք թե՝ որպես տնտեսագետ չհասկացավ, որ ոսկին չի էժանանում, բայց հետո ինչի՞ իրան բերեցինք, վարչապետ սարքեցինք: Ես առաջին անգամ եմ տեսնում մարդկության պատմության մեջ, որ ոսկին բանկից հանեն, սարքեն թուղթ: Նա պիտի գա ու ասի՝ ինչի՞ նման բան արեց»,- ասաց նա: Հայաստանի տնտեսական ճգնաժամն էլ, ըստ նրա, ուղղակի անհաջող կառավարման հերթական փուլ էր՝ ոչ մի կապ չուներ համաշխարհային ճգնաժամի հետ: «Ատամնացավ ունենալու համար մինիմալ պայման է ատամ ունենալը. մենք ճգնաժամ չունեցանք, որովհետև տնտեսություն չունեինք»,- ասաց նա:
Եզիազարյանը վստահ է, որ ընդդիմություն պիտի համախմբվի մեկ միասնական թեկնածուի շուրջ, սակայն թվարկելիս նա ընդդիմադիր ուժերի շարքում չնշեց «Ժառանգությանը»: Հարցին ի պատասխան՝ ասաց. « «Ժառանգություն»-ը կարող է անհասկանալի բաներ անել. օրինակ՝ վերջին տասն օրը նա կարող է լրիվ հրաժարվել իր սկզբունքներից, օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է գնա, ու երկու ամիս որևէ մեկը իրան չգտնի, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է՝ խռովի ու գնա, բա մենք հետո ի՞նչ անենք»: