BBC-ի նախկին տնօրենը կղեկավարի New York Times

Բրիտանական հեռահաղորդակցության BBC ընկերության նախկին տնօրեն Մարկ Թոմսոնը ստանձնել է ամերիկյան The New York Times մեդիահոլդինգի տնօրինությունը. հաղորդում է Itar-tass-ը:

55-ամյա Թոմսոնի՝ այդ պաշտոնին հավակնելու մասին հայտնի էր դեռ օգոստոսից: Times-ի ղեկավարության ներկայացուցիչ Արթուր Սուլցբերգերն այն ժամանակ հայտարարել էր, որ բրիտանական ձեռնարկության ղեկավարի փորձն ու ձեռքբերումները նրան ներկայացնում են՝ որպես այս ընկերությունում ղեկավարի պաշտոնի համար «հրաշալի թեկնածու»:

Թոմսոնը ղեկավարել է BBC-ն 2004թ-ից: Նա իր պաշտոնից հեռացել է սեպտեմբերին՝ Լոնդոնում պարալիմպիկ խաղերի ավարտից հետո: Մինչ այդ նա ղեկավարել է բրիտանական Channel-4 հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ վերջերս BBC-ում իրար են հաջորդում պաշտոնանկությունները՝ կապված այն մեծ սկանդալի հետ, որ բռնկվել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի՝ մի շարք մերձավոր քաղաքական գործիչներին մանկապղծության մեջ մեղադրող տեսանյութի հետ:

The New York Times-ի որոշ աշխատակիցներ մտավախություն ունեն, որ սկանդալը կստվերի նաև ամերիկյան մեդիահոլդինգը, սակայն անձամբ Թոմսոնը կարծում է, որ այն «ոչ մի ձևով չի ազդի» իր աշխատանքի վրա:

Նշենք նաև, որ The New York Times խմբին են պատկանում համանուն օրաթերթը, International Herald Tribune և Boston Globe պարբերականները, ինչպես նաև ութ տեղական հեռուստաալիք, երկու ռադիոընկերություն և շուրջ 40 կայք: