ԱՄՀ-ն ուրվագծել է տարածաշրջանի տնտեսական հեռանկարները

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարներ. Կովկաս և Կենտրոնական Ասիա» նոյեմբերյան զեկույցը. այն ընթացիկ տարվա համար Հայաստանում կանխատեսում է 4%, իսկ գալիք տարվա համար՝ 3,9% տնտեսական աճ։ Կառավարությունն այս տարի ակնկալում է 7,1%, իսկ 2013թ.՝ 6,2% աճ։ Համաշխարհային տնտեսության անկման ռիսկի իրականացման պարագայում ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս զսպել միջազգային պահուստների կրճատումը և թույլատրել ազգային արժույթների արժեզրկում՝ հնարավորինս թուլացնելով դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները։

ԱՄՀ մասնագետների կանխատեսումներով՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների նավթ և գազ արտահանող երկրներում այս տարի և 2013թ. միջին տնտեսական աճը կլինի 5,5%։ Գազ և նավթամթերք ներկրող երկրներում այս տարի ակնկալվում է մոտ 5%, իսկ գալիք տարի, չնայած ֆինանսական շուկաների թույլ կոնյունկտուրային՝ 5,8% տնտեսական աճ։

Ըստ ԱՄՀ-ի՝ համաշխարհային տնտեսության անկման ռիսկի իրականացման պարագայում, նավթամթերք և գազ ներկրող երկրները պետք է զսպեն միջազգային պահուստների կրճատումը և թույլատրեն ազգային արժույթների արժեզրկում՝ հնարավորինս թուլացնելով դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները և ծախսերը վերաուղղորդելով սոցիալապես խոցելի խավերի պաշտպանությանը։

«Անշարժ գույքի թույլ շուկան շարունակելու է դանդաղեցնել Հայաստանի տնտեսական աճի տեմպը»,– նշված է զեկույցում։
Ըստ ԱՄՀ-ի՝ Վրաստանի տնտեսությունը վերամշակող արդյունաբերության և ծառայությունների ակտիվության, ինչպես նաև ներդրումների հաշվին շարունակելու է արձանագրել աճի բարձր տեմպեր։ Մյուս կողմից՝ որոշակի ռիսկեր են պարունակում ընթացիկ հաշվեկշռի մեծ պակասուրդը և քաղաքական գործընթացներով պայմանավորված անորոշությունները։

Տարածաշրջանում միջին տարեկան գնաճը, մասնավորապես Հայաստանում և Ղրղզստանում, այս տարի կլինի 3%-ից ցածր, Վրաստանում՝ զրոյական։ Ակնկալվում է, որ միջին տարեկան գնաճը 2013թ. կկազմի 6,5%, երբ համաշխարհային շուկայում պարենի գները սկսեն ազդեցություն թողնել ներքին շուկաների վրա։ Հայաստանում, այդուհանդերձ, գնաճը կշարունակի ցածր մնալ՝ հաշվի առնելով 2012թ. բարձր բերքատվությունը։

Ըստ կանխատեսումների՝ Հայաստանում և Վրաստանում ընթացիկ վճարային հաշվեկշռի պակասուրդը շարունակելու է մեծ լինել, ինչին որոշակիորեն նպաստում է գերարժևորված ազգային արժույթը։ Հաշվի առնելով այն, որ օտարերկրյա ներդրումների ծավալը դեռևս չի վերադարձել նախաճգնաժամային մակարդակ, պակասուրդը Հայաստանում ֆինանսավորվելու է հիմնականում միջազգային պահուստների և պաշտոնական աղբյուրներից ստացվող փոխառությունների, իսկ Վրաստանում՝ եվրոբոնդերի թողարկումների հաշվին։

Տաջիկստանում, Ղրղըզստանում, ինչպես նաև Հայաստանում օրակարգային են շարունակում մնալ վարչարարական բարեփոխումները. այստեղ ապահովված չեն հավասար պայմաններ խոշոր և փոքր բիզնեսի համար։ Բարեփոխումները հնարավորություն կտան զարգացնել ոչ ստվերային տնտեսությունը, կնպաստեն տնտեսական աճի արդյունքների լայն վերաբաշխմանը և կբարձրացնեն արտադրողականությունը։ Տարածաշրջանի տնտեսություններում ոչ ֆորմալ (ստվերային) հատվածը զգալի է, ինչը բացասական ազդեցություն է թողնում աշխատողների կարգավիճակի վրա. նրանք ըստ էության զրկված են սոցիալական պաշտպանվածությունից, կարիերային աճի բավական վատ հեռանկարներ ունեն։ Տնտեսության ոչ ֆորմալ հատվածի կրճատման և ընդհանուր աճի ապահովման համար անհրաժեշտ է, որ կարգավորող մարմինները բարելավեն գործարար միջավայրը, ապահովեն աշխատանքային շուկայի ճկունությունը, նվազեցնեն հարկային բեռը։

Համաձայն զեկույցի՝ տնտեսության ոչ ֆորմալ հատվածը ՀՆԱ-ի նկատմամբ Ուզբեկստանում 15% է և ավելի քան 35%՝ Հայաստանում։ Զեկույցի հեղինակները, վկայակոչելով Համաշխարհային բանկի «Զարգացման համաշխարհային ինդիկատոր» ուսումնասիրությունը, նշել են, որ Ղազախստանում աշխատողների 65%-ը և Ադրբեջանում 64%-ը կենսաթոշակային վճարումներ չեն կատարում։ Հայաստանում և Ղրղըզստանում աշխատանքային ռեսուրսների ավելի քան 58%-ը ընդգրկված չէ կենսաթոշակային համակարգում։

Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների տնտեսական ցիկլերը ներհյուսված են ռուսական տնտեսության և միմյանց հետ՝ մատակարարման շղթաներով։ Ռուսաստանից դեպի նավթ ներկրող երկրներ մասնավոր փոխանցումների միջին տարեկան աճը կազմում է 25%, ինչն այս երկրներում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժն է։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի մասին է։

Տնտեսական ցիկլերի սինքրոն բնույթն արտացոլում է ածխաջրածնային ռեսուրսներից եկամուտների դերը այս երկրների զարգացման գործում։ Ներդրումների և մասնավոր փոխանցումների ծավալը այս երկրներում տատանվում է՝ կախված Ռուսաստանի նավթագազային եկամուտներից։

Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների սինքրոնիզացիան, մասնավոր փոխանցումների գործոնի շնորհիվ, ավելացել է ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում։

Մեկնաբանել