Ֆորս մաժորային հեռանկար

ԲՀԿ-ի առաջարկած քաղաքական օրակարգը կարծես թե հիմք է դնում բովանդակային քաղաքական գործընթացի, որն առաջին հերթին միտված է լինելու առնվազն նախագահական ընտրություններում վիճարկելու Սերժ Սարգսյանի վերընտրությունը։ Ակնհայտ է, որ խորհրդարանական կառավարման անցնելու առաջարկը առաջին հերթին փորձում է լուծել 2013թ. նախագահական ընտրությունների թեկնածուի խնդիրը՝ իշխանությունից դուրս գտնվող քաղաքական ուժերի շրջանակներում:

Բնականաբար, ԲՀԿ-ի քայլը այս շրջանում հնարավորություն է կոնկրետ գաղափարի շուրջ շահագրգիռ քաղաքական ուժերին համախմբելու և այդ համախմբումն առաջին հերթին ՀՀԿ-ի դեմ ուղղելու համար, ինչը նախագահական ընտրությունների նախաշեմին կարող է էականորեն թուլացնել Սերժ Սարգսյանի դիրքերը: Դատելով մինչ այժմ ստացվող արձագանքներից՝ գոնե սկզբնական փուլում ԲՀԿ-ին հաջողվում է կոնկրետ արդյունքներ գրանցել:

Թեև Դաշնակցության հետ քննարկումների ժամանակ նախագահի թեկնածուի հարցը չի արծարծվել, երկու այս կուսակցությունների մոտեցումների նմանությունները կարող են հեշտությամբ լուծել միասնական թեկնածուի խնդիրը:

Նույնը կարելի է ասել Հայ ազգային կոնգրեսի մասին։ Անկախ նախնական փուլում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի մոտեցումներում մարտավարական տարբերություններից՝ այս երկու ուժերի միջև համագործակցությունը կարելի է կայացած համարել: Կոնգրեսից տևական ժամանակ է, ինչ չեն բացառում ԲՀԿ-ի հետ միասնական թեկնածու ունենալու հեռանկարը:

Միասնական թեկնածուի հարցը կարող է խնդրահարույց լինել, սակայն, «Ժառանգության» պարագայում, քանի որ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: Չնայած այս հանգամանքին՝ ԲՀԿ-ի առաջարկած օրակարգը սկզբունքորեն շատ մոտ է համակարգային փոփոխությունների մասին «Ժառանգություն» կուսակցության կողմից բարձրաձայնվող ռազմավարությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իր թեկնածությունը չի առաջադրի միայն ֆորս մաժորային իրավիճակում:

Արդյո՞ք ԲՀԿ-ի նախաձեռնությունը քաղաքական ուժերի դասավորվածության առումով կստեղծի այն ֆորս մաժորային իրավիճակը, որը «Ժառանգության» առաջնորդին կստիպի հետ կանգնել իր նախնական մտադրությունից:

Դատելով հանրապետականների նյարդային արձագանքներից՝ կարել է ասել, որ նոր քաղաքական օրակարգն անակնկալի է բերել իշխող կուսակցությանը, որն այժմ ամենայն հավանականությամբ պատրաստվում է հակահարված տալու:

Մեկնաբանել