ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը՝ փոքրամասնություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված օրակարգի շրջանակում երկուշաբթի օրը տեղի ունեցան ԲՀԿ-ՀԱԿ և ԲՀԿ-«Ժառանգություն» կոնսուլտացիաներ։ Անցած շաբաթ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որով առաջարկվում էր նախագահական ընտրություններից հետո անցնել խորհրդարանական կառավարման:

Այս թեմայով շաբաթ օրը ԲՀԿ ներկայացուցիչները քաղաքական կոնսուլտացիա էին անցկացրել ՀՅԴ-ի հետ: Հանդիպման արդյունքների հետ կապված՝ երկուստեք գնահատականները դրական էին:

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնում են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վարդան Օսկանյանը: Երկուշաբթի օրը տեղի ունեցած խորհրդակցությանը Կոնգրեսի ներկայացուցիչները եկել էին սեփական ընդլայնված օրակարգով, որի մասին ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էին: ՀԱԿ-ը ներկայացնող Լևոն Զուրաբյանի և Ավետիս Ավագյանի հետ հանդիպումից հետո Սիվիլնեթի հետ զրույցում Վարդան Օսկանյանը նշել է, որ հանդիպումն անցել է բավական կառուցողական և արդյունավետ:

«Քննարկվել են ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի երկուստեք ներկայացրած օրակարգային բոլոր հարցերը: Որևէ հարցի շուրջ դեռ կոնկրետ պայմանավորվածություն չկա, բայց մեծ հաշվով կարելի է ասել, որ ինչ-որ տեղ ընդհանրություններ կան»,– ասել է Օսկանյանը: Վերջինս նաև ընդգծել է, որ երկու կողմերի միջև առկա ընդհանրությունները թույլ են տալիս ասել, որ շատ շուտով կրկին նմանատիպ հանդիպում տեղի կունենա:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպումից հետո չի բացառել, որ նմանատիպ համագործակցության արդյունքում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ունենան նախագահի միասնական թեկնածու:

«Ժառանգություն» կուսակցության հետ նույն օրը տեղի ունեցած քաղաքական խորհրդակցությունից հետո կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ տեղի է ունեցել բովանդակային քննարկում, և քննարկման արդյունքները «Ժառանգություն» կուսակցության վարչությանը ներկայացնելուց հետո կորոշվի հետագա քայլերի նպատակահարմարությունը: Արմեն Մարտիրոսյանը նշել է նաև, որ նախագահի միասնական թեկնածուի հարց այս հանդիպման ընթացքում չի քննարկվել։

Խորհրդարանական կառավարման անցնելու ԲՀԿ-ի առաջարկած քաղաքական օրակարգին միանշանակ չէ իշխող Հանրապետական կուսակցության արձագանքը։ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունից մեկ օր անց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախկին կոալիցիոն գործընկերոջ նախաձեռնության հետևում նկատեց ինչ-որ մարդկանց և կանխատեսեց, որ առաջիկա զարգացումների ընթացքում որոշ քաղաքական ուժեր կդիմակազրկվեն: Այս համատեքստում իշխող կուսակցությունը բնականաբար հրաժարվել է խորհրդարանական կառավարման անցնելու հետ կապված խորհրդակցությունների սեղանի շուրջ նստել ԲՀԿ-ի հետ: Ավելին՝ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ լուրջ չի վերաբերվում տարբեր տեսակի խորհրդակցություններին, այդ ձևաչափով հանդիպումներին ու քննարկումներին: Սամվել Նիկոյանի կարծիքով՝ քաղաքական խորհրդակցություններին մասնակցող քաղաքական ուժերն ունեն անձնական շարժառիթներ, և այդ նախաձեռնությամբ փորձ է արվում բոլորովին այլ խնդիր լուծել:

ՀՀԿ կրտսեր գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը «Օրակարգի» հետ զրույցում նշել է, որ ԲՀԿ-ի առաջարկը ժամանակավրեպ է, և չի կարծում, որ անհրաժեշտություն կա այս թեմայով քննարկումներ սկսելու:

«Թեև ՕԵԿ-ը ևս կողմ է 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու գաղափարին, սակայն գտնում է, որ ներկայիս կիսանախագահական կառավարման պայմաններում հակակշիռների մեխանիզմները բավարար են արդյունավետ կառավարում ունենալու համար: Բացի այդ՝ մեր ժողովուրդը անձի հետևից գնացող է և ավելի շատ հույսեր է կապում նախագահի, քան խորհրդարանի հետ»,– ասել է Հովհաննես Մարգարյանը:

ԲՀԿ-ի առաջարկած նախնական օրակարգով այսօր խորհրդակցությունների սեղանի շուրջ հավաքվել են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»: Նման դասավորվածությամբ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, մերժողական դիրքորոշումներով, հայտնվել են քաղաքական փոքրամասնության մեջ:

Դերենիկ Մալխասյան

Մեկնաբանել