Արաբական երկրները ճանաչել են Սիրիայի միավորված ընդդիմությունը

Պարսից ծոցի վեց երկրներ, որոնք Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ են, Սիրիայի ընդդիմադիր ուժերի կոալիցիան ճանաչել են Սիրիայի ժողովրդին ներկայացնող օրինական ուժ, հաղորդում է BBC-ն։

Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամներն են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը, Կատարը և Քուվեյթը։

Միաժամանակ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների արտգործնախարարներն իրենց նիստին Կահիրեում ողջունել են ընդդիմադիր կոալիցիայի ստեղծումը։ Նրանք այս կազմակերպությունն անվանել են սիրիական ընդդիմության «օրինական ներկայացուցիչ», սակայն այն չեն ճանաչել Սիրիայի ամբողջ ժողովրդի ներկայացուցիչ։

Հիշեցնենք, որ կիրակի Կատարի մայրաքաղաք Դոհայում հայտարարվեց Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ստեղծման մասին, որի նպատակը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ հանդես եկող բոլոր խմբավորումների միավորումն է։

Ազգային կոալիցիայի ղեկավար ընտրվեց Մուազ ալ Խատիբը՝ Դամասկոսի Օմայան մզկիթի նախկին իմամ, որն այս տարվա հուլիսին փախել է Սիրիայից այն բանից հետո, երբ մի քանի անգամ ձերբակալվել է։

Արևմտյան երկրները, ինչպես նաև Թուրքիան, ողջունել են սիրիական ընդդիմադիր կոալիցիայի ստեղծումը։

Մեկնաբանել