Կանաչ գյուղատնտեսությունը և Հայաստանը. միջազգային կոնֆերանս Երևանում

Գործընկերային բովանդակություն

Ապրիլի 2-ին Երևանում մեկնարկեց կանաչ գյուղատնտեսության թեմայով երկօրյա միջազգային կոնֆերանս, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։

Կոնֆերանսը կազմակերպել են Եվրոպական միությունը (ԵՄ), Ավստրիական զարգացման գործակալությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։ Մասնակիցների թվում են հեղինակավոր մասնագետներ, հետազոտողներ և փորձագետներ, որոնք ներկայացնում են իրենց գիտական ուսումնասիրությունները, նորարարական լուծումները և տեսլականը՝ կայուն գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ։

Կոնֆերանսի նախագահ և համակարգող Վարդան Ուռուտյանի խոսքով՝ այս նախաձեռնության նպատակն է Հայաստանում խթանել կանաչ գյուղատնտեսությունը։

Վարդան Ուռուտյանը, կոնֆերանսի նախագահ և համակարգող

«Մենք ունենք կլիմայի փոփոխություն, հողերի դեգրադացիա, կենսաբազմազանության կորուստ, ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարում։ Նման խնդիրները Հայաստանում ևս շատ են, և կոնֆերանսի նպատակն է բարձրաձայնել նաև այս խնդիրները, խոսել, թե ինչպես կարող ենք բարձր տեխնոլոգիաները, նորարար լուծումները և կայուն, կանաչ գործելակերպերը օգտագործելով՝ զարգացնել Հայաստանի գյուղատնտեսությունը»,- ասաց Վարդան Ուռուտյանը։

ԵՄ-ի «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսի խոսքով՝ կոնֆերանսը միավորում է ժամանակակից նորարարական մոտեցումներ ունեցողներին ու մարդկանց, որոնք աշխատում են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում։ Նա ասում է, որ Հայաստանում գյուղատնտեսական մեծ բազմազանություն կա։

«Հայաստանում առկա է գյուղատնտեսության լայն բազմազանություն՝ առևտրային, տնային տնտեսությունների մակարդակներում։ Վերջին տարիներին առևտրային գյուղատնտեսության մեծ աճ է նկատվում, և անհրաժեշտություն կա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, որոնք հիմնված են նոր մոտեցումների վրա և ավելի բարենպաստ են շրջակա միջավայրի համար»,- ասում է Պասկալ Բոկկերսը:

Պասկալ Բոկկերսը, «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը նշեց՝ կանաչ ու կայուն գյուղատնտեսության զարգացումը առաջադեմ մարդկության համար գերնպատակ է, իսկ իրենք չեն ցանկանում առաջադեմ մարդկությունից հետ մնալ։

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի խոսքով՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում վերափոխման փուլում է, և հիմա է ժամանակը՝ միասին գտնելու այն լուծումները, որոնք զանգվածային կիրառություն կունենան ֆերմերների կողմից։

«Կանաչ գյուղատնտեսությունը կայուն գյուղատնտեսությունն է։ Անհնար է գյուղատնտեսության ոլորտում հասնել կայունության՝ առանց առաջադեմ ռեսուրսախնայող տեխնոլոգիաների կիրառման»,- ասաց փոխնախարարը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանի խոսքով՝ գյուղատնտեսությունը ԵՄ-ի համար Հայաստանում առաջնային ոլորտ է, որի զարգացմանը պատրաստ են շարունակական աջակցություն տրամադրել։

«Մենք պետք է ընդունենք, որ մաքուր գյուղատնտեսությունը կարևոր դեր ունի նաև կենսաբազմազանության պահպանման գործում։ Կանաչ գյուղատնտեսությունը միայն ֆերմերային գործունեության մասին չէ. այն վերաբերում է նաև պարենային անվտանգության ապահովմանը, տնտեսական աճի խթանմանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Այս բոլոր բաղադրիչները փոխկապակցված են, և միասին նրանք կայուն և զարգացող գյուղատնտեսական ոլորտի հիմքն են»,- ասաց Սիլյա Կասմանը։

Կանաչ գյուղատնտեսության միջազգային կոնֆերանսն իրականացվում է ԵՄ-ի «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը մեկնարկել է 2019-ին և Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ամենախոշորն է։ Այն ֆինանսավորում է ԵՄ-ն, համաֆինանսավորում՝ Ավստրիական զարգացման գործակալությունը:

Մեկնաբանել