Բրիտանական թերթերը «գաղթում» են ինտերնետ

Բրիտանական Guardian Media Group-ը մտադիր է անցնել The Guardian օրաթերթի և The Observer կիրակնօրյա պարբերականի միայն էլետրոնային թողարկմանը, հաղորդում է գերմանական Handelsblatt-ը: Այսպիսի պահանջով են հանդես եկել հրատարակչությունը վերահսկող Scott Trust հիմնադրամի բաժնետերերը, որոնք չափազանց դժգոհ են հայտնի պարբերականների աճող վնասներից:

The Guardian-ը տպագրական նոր սարքավորումներ վերջին անգամ գնել է 8 տարի առաջ: Արդեն այդ ժամանակ թերթի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը հայտարարել է, որ պարբերականի համար սա նմանատաիպ վերջին ներդրումն է, քանի որ թերթի ապագան ինտերնետում է: Հնարավոր է՝ ներկայիս ճգնաժամային պայմաններում տպագիր դասական տարբերակից թերթը ավելի շուտ հրաժարվի:

Ընթացիկ ֆինանսական տարում, որն ավարտվել է մարտին, Guardian Media-ի վնասը նախորդ տարվա 31 մլն ֆունտից աճել է մինչև 44 մլն ֆունտ՝ €55 մլն՝ չնայած ինտերնետային բիզնեսի հասույթի 16%-ով աճին: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչների խոսքով՝ մոտ ապագայում թերթերին լիակատար անցում ինտերնետային տարբերակին չի սպառնում, և տպագիր արտադրանքը կլինի բիզնեսի հիմնական մասը դեռ երկար տարիներ, քանի որ նրան է բաժին ընկնում հասույթի շուրջ 70%-ը և դրանից հրաժարվելը անիրական է:

2007թ. ընկերությունը իր գանձարանը լցնելու համար հարկադրված էր վաճառել իր մի շարք ստորաբաժանումները: Guardian Media-ի ղեկավար Էնդրյու Միլերի խոսքով՝ առաջիկայում թերթերի վնասների նման ծավալի պահապնման դեպքում ընկերությունը ամբողջովին առանց գումարների կմնա: Մինչ 2016թ.The Guardian-ը և The Observer-ը իրենց ծախսերը պետք է կրճատեն 25 մլն ֆունտով:

Ավելի վաղ հրատարակչությունը հաստատել է 100 խմբագիրներից 70-ին աշխատանքից ազատելու մասին՝ սկզբնապես կամավոր սկզբունքի հիման վրա: Այս պայմանին համաձայնել էր 34 խմբագիր:

Տպագիր մամուլի այլ ներկայացուցիչներ ևս առերեսվել են խնդրին, երբ պարբերականի էլեկտրոնային տարբերակից ստացվող եկամուտները չեն կարողանում փոխհատուցել ավանդական՝ տպագիր տարբերակի վնասները: Գովազդի տեղադրման և տպաքանակի ծավալները կրճատվում են, հետևապես շատ թերթեր կրճատում են իրենց տպաքանակը կամ ամբողջովին անցնում են էլեկտրոնային տարբերակին: Այսպես՝ ամերիկյան Newsweek պարբերականը հոկտեմբերին հայտարարել է, որ մինչ այս տարվա վերջ կհրաժարվի տպագիր տարբերակից և կշարունակի տպվել միայն էլեկտորնային տարբերակով:

Մեկնաբանել