Քսան նահանգ ուզում է դուրս գալ ԱՄՆ-ի կազմից

Դեմոկրատ Բարաք Օբամայի՝ նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո ավելի քան 100 հազ․ ամերիկացիներ խնդրագրեր են ստորագրել իրենց նահանգների՝ երկրի կազմից դուրս գալու մասին։

Խնդրագրերը տեղադրված են Սպիտակ տան կայքում՝ «Մենք ժողովուրդ ենք» բաժնում, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է գրել իր սեփական դիմումը կամ միանալ արդեն գոյություն ունեցողներին։

Ներկայիս դրությամբ խնդրագրերը ստորագրել են 20 նահանգների բնակիչներ՝ Տեխաս, Նյու Յորք, Նյու Ջերսի, Հյուսիսային և Հրավային Կարոլինա, Ալաբամա, Ջորջիա, Ֆլորիդա, Ինդիանա, Միչիգան, Թենեսի, Լուիզիանա, Կենտուկի, Արկանզաս, Կոլորադո, Հյուսիսային Դակոտա, Օրեգոն, Միսիսիպի, Միսուրի և Մոնտանա։

Դիմումների մեծ մասի երկարությունը ընդամենը մի քանի տող է։ Օրինակ՝ Թենեսի նահանգի բնակիչների խնդրագիրը, որի տակ ստորագրել է 8 հազ․ մարդ, այսպիսին է․ «Խնդրում ենք Թենեսի նահանգին խաղաղ տրամադրել ԱՄՆ-ի կազմից դուրս գալու և սեփական նոր կառավարություն ստեղծելու իրավունք»։

Ստորագրությունների թվով առայժմ առաջատար է Տեխասը։ Այն արդեն հատել է 25 հազ․ ձայնի շեմը, որից հետո Սպիտակ տունը պետք է պաշտոնական պատասխան տա խնդրագրին։

Տեխասցիները մասնավորապես դժգոհում են մարդու իրավունքների «աղաղակող խախտումներից»։

Խնդրագրերի հեղինակները վկայակոչում են Անկախության հռչակագիրը, որում ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը հռչակում են, որ «եթե կառավարության որևէ ձև դառնում է կործանարար, ժողովուրդն իրավունք ունի փոխել կամ լուծարել այն և ստեղծել նոր կառավարություն»։

Դիմումների մեծ մասը ներկայացրել են այն նահանգների բնակիչները, որոնք նոյեմբերի 6-ի նախագահական ընտրություններում իրենց ձայնը տվել են Օբամայի գլխավոր մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիին։ Սակայն խնդրագրեր կան նաև Սպիտակ տան ղեկավարին աջակցող նահանգներից։

Վերջին անգամ մի քանի նահանգ դուրս է եկել ԱՄՆ-ի կազմից Աբրահամ Լինքոլնի նախագահ ընտրվելուց հետո՝ 1860 և 1861 թթ․։ Դրանից հետո սկսվեց Քաղաքացիական պատերազմը։