Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան ժամանել` հանգստանալու

2012թ. ընթացքում Հայաստանից ավելի շատ մարդ մեկնել է հանգստանալու, քան այցելել է Հայաստան` զբոսաշրջության նպատակով:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը ներկայացրեց 2012թ. 9 ամիսներին ՀՀ զբոսաշրջության ոլորտի վիճակագրությունը, ըստ որի 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 603 հազ. զբոսաշրջիկ:  Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 9,4%-ով: Իսկ Հայաստանից նույն ժամանակաշրջանի ընթացքում զբոսաշրջության նպատակով մեկնել է մոտ 608 հազ.  մարդ: Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 11,4%:

Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս տարի ավելացել է Հայաստանից դեպի Վրաստան մեկնողների թիվը` կազմելով շուրջ 70 հազ. մարդ:

Արտագնա տուրիզմի աճը փոխնախարարը ողջունելի է համարում. «Մենք պետք է միայն ողջունենք և ուրախանանք, որ մեր բնակչության միջին խավը գնալով դառնում է ավելի վճարունակ և կարողանում է իր հանգիստը կազմակերպել, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ Հայաստանից դուրս»: Նրա հավաստմամբ` 13-14%-ով աճել է նաև ներքին տուրիզմը:

«Ներքին տուրիզմի աճը կապված է նաև կառավարության ներկայացրած սոցփաթեթի հետ, բայց անգամ եթե սոցփաթեթի կոմպոնենտը հանենք, կրկին աճ կունենանք, իհարկե ոչ այնքան, որքան ունենք: Սոցփաթեթի շրջանակում կառավարության 10 հազ. մարդ օգտվել է այդ փաթեթից»,- հավելեց Պետրոսյանը:

Նշենք, որ 2011թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 757 935 զբոսաշրջիկ: 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 10,3%: