Մեր քաղաքականությունը հիմնված չէ Թուրքիային վնաս հասցնելու վրա. Ս. Սարգսյանը` Figaro-ին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել «Ֆիգարո» պարբերականին: «Արմենպրես»-ը թարգմանաբար ներկայացրել է հարցազրույցը:

-Ինչպե՞ս կբնութագրեք հայ-ֆրանսիական հարաբերությունները:

-Հայ-ֆրանսիական բարեկամությունը բնութագրելու համար ես օգտագործում եմ «եզակի» բառը: Ֆրանսիան իր դռներն ու սիրտն է բացել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի համար: Այսօր Ֆրանսիայի հայ համայնքը, որը 1915թ. Ցեղասպանության ուղղակի հետևանքն է երկու երկրների միասնության կարևոր կողմերից է: 2012թ. խորհրդանշական է: Մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Մեր երկրների միջև հարաբերությունների 20 տարիները նշանավորվել են մի շարք իրադարձություններով: Մեր մշակութային և առևտրային կապերն ակտիվ կերպով զարգանում են: Ֆրանսիան Հայաստանում երկրորդ ներդրողն է. ունենք ֆրանսիական կապիտալով գործող 155 ձեռնարկություններ: Դրանց թվում են մեզ համար այնպիսի առաջնային նշանակություն ունեցող ձեռնարկություններ, ինչպես օրինակ «Օրանժը», «Կրեդիտ ագրիկոլը», «Պերնո Ռիկարը», «Ալկատելը», «Կարեֆուրը»…

-Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ճանաչվել է հակասահմանադրական…

-Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի քաղաքականությունը մեր կողմից չի պարտադրվել: Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ցեսղասպանության ժխտումը հանցագործության շարունակությունն է: Մենք անկեղծորեն կարծում ենք, որ նրանք, ովքեր վերանայում են մի ժողովրդի ցեղասպանության պատմությունը, հստակորեն կիսում են իրագործված հանցագործությունների պատասխանատվությունը: Ինձ համար դժվար է կանխատեսել, թե ինչ որոշումներ կկայացվեն այս օրինագծի հետ կապված: Ես ողջունում եմ նախագահ Օլանդի հստակ դիրքորոշումն այս հարցում, որն արտահայտվել է ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ երկրի ղեկավարությունը ստանձնելուց հետո:

-Կասկածներ կան, որ Հայաստանը սատարում է Սիրիայում Բաշար ալ Ասադի ռեժիմը: Արդյո՞ք սա ճիշտ է:

-Սիրիայի ժողովրդի ներկայիս զրկանքները մեզ չեն կարող անտարբեր թողնել: Սիրիայի հայ համայնքը, որը կարևորագույն «սկզբնական հայկական օջախներից» է և հիմնադրվել է Ցեղասպանության վերապրածների կողմից, այսօր տեղափոխվում է այլ երկրներ: Քաղաքացիական պատերազմը դժվար զրկանք է ցանկացած ժողովրդի համար: Պատրաստի լուծումներ չկան: Դժվար է ասել, թե որ պահին արտաքին միջամտությունը կարող է օգտակար լինել կամ հակառակը: Այն քայլերը, որոնք կարող են գործել այլ իրավիճակներում, Սիրիայում կարող են ողբերգական հետևանքներ ունենալ` անդառնալի փոփոխություններ մտցնելով տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի մեջ: Հայաստանի Հանրապետությունը կանի ամեն հնարավորը այդ երկրում խաղաղության հաստատման և հայ համայնքի կայուն ու կենսական ներկայությունն ապահովելու համար:

-Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը բավարարե՞ց Ձեր սպասումները` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ:

-Այս հանդիպումը վերսկսել և շարունակել է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները` առկա բանակցային ձևաչափով: Այնուամենայնիվ, այս հանդիպումը դեռևս հեռու է նոր հույսեր առաջացնելուց: Բաքուն մերժում է որպես հիմք ընդունել միջազգային միջնորդների առաջարկությունները և գտնում է, որ միանգամից հնարավոր է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները` առանց համաձայնեցնելու Հիմնարար սկզբունքները: Սակայն խաղաղության պայմանագիրը չի կարող լինել կենսունակ, եթե հիմնված չլինի հստակ և բոլորի համար ընդունելի սկզբունքների վրա: Հակառակ Բաքվի պահվածքին, որը փառաբանում է գարշելի հանցագործություն կատարած ադրբեջանցի սպային, ով քնած ժամանակ կացնահարել է հայ սպային, Հայաստանը շարունակում է ամեն ինչ անել` խաղաղ կարգավորման գործընթացը պահպանելու համար:

-Ձեզ անհանգստացնո՞ւմ է Ֆրանսիայի և Թուրքիայի մերձեցումը:

-Իհարկե, ո´չ: Մեր քաղաքականությունը հիմնված չէ Թուրքիային վնաս հասցնելու վրա: Այն հիմնված է հստակ սկզբունքների վրա: Մենք ցանկանում ենք, որ Թուրքիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների միջև կապերը բազմապատկվեն, որպեսզի Թուրքիան կարողանա այդ հարաբերությունների միջոցով ընդունել եվրոպական արժեքները: Ֆրանսիայի նախագահներն իրենց մեջ ուժ են գտել առերեսվելու պատմության հետ: Ես կարող եմ միայն ողջունել այդ համարձակությունը: Ես պատրաստվում եմ խնդրել նախագահ Օլանդին, որպեսզի նա պատմի Թուրքիայի իշխանություններին, թե ինքն ինչպես է անձամբ դատապարել հրեաների տեղահանությունը և համակենտրոնացման ճամբարներում պահելը: Սա կարող է դաս լինել Թուրքիայի իշխանությունների համար:

Մեկնաբանել