Կանանց ներքնազգեստ արտադրող ամերիկյան հանրահայտ Victoria’s Secret ընկերությունը ներողություն է խնդրել բնիկ ամերիկացիներից հնդկացիական ցեղերի հագուստ հիշեցնող ներքնազգեստ ցուցադրելու համար:
Նյու Յորքում Victoria’s Secret-ի նոր հավաքածուի նոյեմբերյան ցուցադրության ժամանակ մոդել Կառլի Քլոսը պոդիում է դուրս եկել փիրուզագույն զարդերով թավշակաշվե ներքնազգեստով և հնդկացիական ցեղերի առաջնորդների փետուրներով գլխարկը հիշեցնող գլխազարդով:
Victoria’s Secret-ի այս մտահղացումը վրդովեցրել է ԱՄՆ-ի բնիկներին, որոնք իրենց բողոքն են հղել ամերիկյան ընկերությանը: Քննադատների կարծիքով՝ «ռասայական անտակտությունն ամենևին սեքսուալ չէ»:
Ի պատասխան՝ Victoria’s Secret-ը հրապարակել է իր պաշտոնական հայտարարությունը. «Ցավում ենք, որ բնիկ ամերիկացիների գլխազարդի ցուցադրումը վրդովեցրել է որոշ մարդկանց»:
Ընկերությունը տեղեկացրել է, որ այս հագուստը կհանվի հավաքածուից: 20-ամյա Կառլի Քլոսը միացել է ընկերությանն ու Twitter-ի իր միկրոբլոգում գրել, որ որևէ մեկին վիրավորելու միտում չուներ: