Պաղեստինը նոյեմբերի վերջին կարող է դիտորդ պետություն դառնալ ՄԱԿ-ում

ՄԱԿ-ում մի խումբ արաբական երկրներ պատրաստել են Պաղեստինին համաշխարհային կազմակերպությունում դիտորդ պետության կարգավիճակի տրամադրման մասին բանաձևի նախագիծ, որը Գլխավոր ասամբլեայում քվեարկության կդրվի նոյեմբերի 29-ին, հաղորդում է Reuters-ը։

Պաղեստինի Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը Կահիրեում հայտարարել է, որ նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կդրվի Պաղեստինի կարգավիճակի քվեարկության հարցը։ Պաղեստինն այժմ ՄԱԿ-ում ներկայացված է՝ որպես «դիտորդ սուբյեկտ»։ Կարգավիճակի բարձրացումը մինչև «դիտորդ պետության» նրան թույլ կտա մասնակցել միջազգային շատ ֆորումների և հայցեր ներկայացնել Միջազգային քրեական դատարան։

Աբասը նաև հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Իսրայելի հետ բանակցությունները Պաղեստինի՝ ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալուց հետո։

«Հնարավոր է՝ մենք սկսենք բանակցությունները կարգավիճակ ստանալու հաջորդ օրը։ Այդ դեպքում մենք պատրաստ կլինենք դրան»,- ասել է նա։

Հիասթափվելով Իսրայելի հետ բանակցային գործընթացի հեռանկարներում՝ պաղեստինցիներն անցյալ տարվանից ձգտում են կարգավիճակի բարձրացման՝ ընդհուպ մինչև պետականության փաստացի ճանաչման, ՄԱԿ-ում և միջազգային այլ ինստիտուտներում։