ԵՄ-ն ճանաչել է սիրիական ընդդիմության նոր միավորման լեգիտիմությունը

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ողջունել է սիրիական ընդդիմության նոր միավորումը՝ ճանաչելով նրա օրինականությունը, հաղորդում է ռուսական «Ռիանովոստին»։

Անցյալ կիրակի սիրիական ընդդիմության խորհրդակցություններում, որոնք տեղի էին ունենում Կատարի մայրաքաղաք Դոհայում, ստորագրվեց համաձայնագիր Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ստեղծման մասին, որը պետք է ներկայացնի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի բոլոր հակառակորդների շահերը։

«Ես անհամբերությամբ սպասում եմ, որ նոր կոալիցիան կդառնա լիովին ֆունկցիոնալ, համապարփակ և կհարգի մարդու իրավունքներն ու ժողովրդավարական սկզբունքները»,- ասված է Էշթոնի հայտարարությունում։

Ավելի վաղ Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամները՝ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը, Կատարը և Քուվեյթը, Սիրիայի ընդդիմադիր ուժերի կոալիցիան ճանաչել էին Սիրիայի ժողովրդին ներկայացնող օրինական ուժ։

Միաժամանակ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների արտգործնախարարներն իրենց նիստին Կահիրեում ողջունել էին ընդդիմադիր կոալիցիայի ստեղծումը։ Նրանք այս կազմակերպությունն անվանել էին սիրիական ընդդիմության «օրինական ներկայացուցիչ», սակայն այն չէին ճանաչել Սիրիայի ամբողջ ժողովրդի ներկայացուցիչ։

Հիշեցնենք, որ զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է անցյալ տարվա մարտից։