Amazon-ը, Google-ն ու Starbucks-ը անբարոյական են. բրիտանական խորհրդարան

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բյուջետային միջոցների հանձնաժողովը Amazon, Google և Starbucks ընկերություններին մեղադրել է հարկերի վճարումից խուսափելու մեջ: Հանձնաժողովի ներկայացուցիչները կարծում են, որ ընկերությունները Բրիտանիայի տարածքում վաստակած միջոցները դուրս բերելու համար օգտագործում են հաշվապահական բարդ մեխանիզմներ, որոնք «ցինիկ են և անարդարացի»:

Սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Starbucks-ը Նիդեռլանդներում, որտեղ գտնվում է ընկերության եվրոպական գլխամասային հիմնարկը, հարկային արտոնությունների տրամադրման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել: Բրիտանացի խորհրդարանականների կարծիքով՝ Starbucks-ը Նիդեռլանդներում հարկեր է վճարում այն եկամուտներից, որոնք վաստակում է Բրիտանիայի տարածքում: Համանման բողոքներ են ներկայացվել նաև Amazon-ին, որի պահեստներն ու 15 հազ. աշխատակիցները գտնվում են  Բրիտանիայում, սակայն ընկերությունն իր բոլոր գործարքներն իրականացնում է Լյուքսեմբուրգում:

Բյուջետային միջոցների հանձնաժողովի ղեկավար Մարգարեթ Հոջն այս առիթով ասել է. «Մենք չենք մեղադրում ձեզ օրինազանցության մեջ: Մենք ձեզ մեղադրում ենք անբարոյականության մեջ»: