Քոչարյանը ևս օգտվել է «ֆորայից». Ա. Մարտիրոսյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «ֆորայի» մասին խոսալու և հետադարձ զղջալու փոխարեն իր իշխանության տարիներին այնպիսի քայլեր պետք է ձեռնարկեր, որոնք կկանխարգելեին այդ երևույթի շարունակականությունը: ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, ըստ որի` իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ միամանդատ ընտրատարածքներով:  

«Քոչարյանը խոսում է մի երևույթի մասին, որը կար նաև իր իշխանության տարիներին, և ինքը նմանատիպ գործիքակազմից օգտվել է: Եթե նա իսկապես մտահոգվեր կառավարման համակարգն ուղղելու խնդրով, ապա 2003թ. խորհրդարանական ընտրություններից հետո համապատասխան քայլեր կձեռնարկեր և չէր թողնի, որ 2007թ. նույնը կրկնվեր»,- ասաց Մարտիրոսյանը:

Անդրադառնալով Քոչարյանի այն մտքին, որ Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` «Ժառանգության» փոխնախագահն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը նորություն չի ասել: Այն, ինչ ինքը նոր է բարձրաձայնում, մենք տարիներ շարունակ դրա մասին խոսում ենք և բազմիցս նշել ենք, որ մեծամասնական ընտրակարգը շատ սխալ է դրսևորվում Հայաստանում: Ուստի միանշանակ է, որ մեծամասնական ընտրակարգը ժամանակավորապես պետք է վերանա, որովհետև մեծամասնական ընտրակարգի գոյությունը խոչընդոտում է նաև Հայաստանում կուսակցությունների կայացմանն ու կառավարման համակարգը առողջ կադրերով համալրելուն»: