Էդմոն Մարուքյանն իրեն ֆեոդալ չի համարում

Մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին, ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ համակարծիք չէ այդ մտքին:

«Ես ոչ ֆեոդալ եմ, ոչ էլ ֆեոդալական համակարգ կա ստեղծված թիվ 30 ընտրատարածքում: Եվ մտովի հետ գնալով կարող եմ ասել, որ թիվ 30 ընտրատարածքում ֆեոդալ կամ ֆեոդալատիպ օլիգարխ երբևէ չի ընտրվել»,- ասաց պատգամավորը:

Նա կարծիք հայտնեց, որ հնարավոր է` որոշ տարածքներում նման նախադեպեր լինեն, բայց դա դեռ չի նշանակում, որ «անընդհատ ինչ-որ մեծահարուստներ են ընտրվում», և մեծամասնական համակարգը որպես այդպիսին ենթակա է վերացման:

«Իմ մոտեցումը հետևյալն է. ես 100% մեծամասնականի կողմնակից եմ, ինչպես Ամերիկայում: Ասեմ` ինչու, քանի որ կոնկրետ մարդիկ ընտրում են կոնկրետ մարդու և այդ մարդուց պահանջում են կոնկրետ հարցերի վերաբերյալ պատասխաններ»,- եզրափակեց Մարուքյանը` հավելելով, որ երկու համակարգերն էլ` մեծամասնական և համամասնական, ունեն իրենց թերությունները: