Մեծամասնականի թերությունը չի փաստում համամասնականի առավելությունը. Ս. Ֆարմանյան

Մեծամասնական ընտրակարգը Հայաստանում ունի խնդիրներ, բայց դրանք պետք չէ ներկայացնել որպես փաստարկ` հօգուտ համամասնական ընտրակարգի: ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց թիվ 2 ընտրատարածքից մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը` մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին:

«Ես` որպես մեծամասնական պատգամավոր, եթե դատելու լինեմ իմ ընտրատարծքում առկա իրողությոնների և հանգամանքների հաշվառմամբ, ապա դա իհարկե այդպես չէ, և դուք կարող եք դրանում համոզվել` այցելելով իմ ընտրատարածք»,- նշեց պատգամավորը:

Ֆարմանյանի համոզմամբ` թե´ մեծամասնական, թե´ համամասնական ընտրակարգերը Հայաստանում ունեն իրենց թերությունները:

«Մարդու անունը կարդում եք տվյալ կուսակցության կամ դաշինքի համամասնական ցուցակում, մարդը մասնակցում է ընտրարշավին, ընտրվում է պատգամավոր, հետո, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ինքը չի դառնում պատգամավոր, որովհետև այդպես է որոշում տվյալ կուսակցության ղեկավարությունը կամ չգիտեմ` ով: Սա խնդիր չէ՞. իհարկե, խնդիր է»,- որպես համամասնական ընտրակարգի խնդիր մատնանշեց Ֆարմանյանը: