Ջավախքում օծվել է Սուրբ հրեշտակապետաց եկեղեցին

Նինոծմինդայի շրջանի Ջգրաշեն գյուղի բնակչության համար նոյեմբերի 11-ը դարձել է հիրավի պատմական. հաղորդում է Վիրահայոց մամլո դիվանը: Տոնական տրամադրության առիթը Ջգրաշենում հպարտորեն կանգնած, հիմնովին վերանորոգված Սուրբ հրեշտակապետաց եկեղեցու օծումն էր, որին իրենց մասնակցությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե-Ջավախքի թեմի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանը, Նինոծմինդայի հայ համայնքների հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանը, Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տաթև քահանա Մանուկյանը, ծնունդով ջգրաշենցի, ռուսաստանաբնակ Արսեն Քսպոյանն ընտանիքի հետ, հոգևոր հայրեր, հասարակության ներկայացուցիչներ:

Դեռևս 1829-1830-ական թվականներին Կարնո գավառի մի քանի գյուղերից փոխադրված հայ ընտանիքների Աստծո տունը՝ 1850-ական թվականներից վավերագրերում հիշատակված Սուրբ հրեշտակապետաց եկեղեցին, որ երկար տարիներ գտնվում էր կիսաքանդ վիճակում, ռուսաստանաբնակ ջգրաշենցի Արսեն Քսպոյանի բարերարությամբ հիմնովին վերանորոգվել է:

Գեղեցիկ և բարենորոգ տեսք է ստացել եկեղեցին, բարեկարգվել ու ցանկապատվել են եկեղեցու բակը և տարածքը: Եվ ահա նոյեմբերի 11-ին հանդիսավորությամբ, Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Սամցխե-Ջավախքի թեմի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի հանդիսապետությամբ կատարվել է եկեղեցու օծումը, որից հետո բարերար Արսեն Քսպոյանին հանձնվել է Օրհնության գիր:

Այնուհետև նորաօծ եկեղեցում մատուցվել է սուրբ Պատարագ, որի պատարագիչն էր Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: Հավարտ պատարագի Ջգրաշենի Սուրբ հրեշտակապետաց եկեղեցում կատարվել է առաջին մկրտությունը, ընդ որում իրականություն է դարձել բարերար Արսեն Քսպոյանի վաղեմի բաղձանքը. ծննդավայրի վերականգնված եկեղեցում սրբասուրբ մյուռոնով մկրտվել են նրա ընտանիքի ութ անդամները՝ դառնալով նորաօծ եկեղեցու առաջին մկրտվողները:

Հավատացյալների մոտ եկեղեցում մատուցված պատարագից ստացած հոգու խաղաղությանը տոնական շունչ է հաղորդել Ալիկ Քսպոյանի ղեկավարած «Ջավախք» երգի-պարի համույթի համերգը, որը կայացել է եկեղեցու բակում: Այնուհետև ժողովրդին բաժանվել է մատաղ: Գյուղում տիրող ուրախ տրամադրությունը շարունակվել է մինչև ուշ երեկո: