Անբավարար փոխվարչապետից՝ ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման համար

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի ավարտի հետ կապված եւ ընթացիկ այլ հարցեր. տեղեկացրնում են ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի և Արմավիրի մարզպետները, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Արարատյան դաշտավայրի ՋՕԸ-երի ղեկավարներ, այլ պատասխանատուներ:

Մասնավորապես անդրադարձ է եղել մատակարարված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների գանձման ընթացքին: Տեղեկացվել է, որ այս տարի մատակարարված ջրի դիմաց հասույթը կազմել է Դ5.285 մլրդ՝ նախորդ տարվա համեմատ Դ800 մլն-ով ավելի: Նոյեմբերի 11-ի դրությամբ գանձվել է Դ3.354 մլրդ կամ ձևավորված հասույթի 63,5 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրման ծավալն ավելի է Դ114 մլն-ով: Չնայած բացարձակ գումարային արտահայտությամբ հավաքագրումների աճին՝ փոխվարչապետն անբավարար է համարել տեմպերը և համակարգի արդյունավետ ու անխափան աշխատանքի տեսանկյունից կարևորել տարին առանց պարտքերի փակելու հանգամանքը: Նա պատասխանատուներին հորդորել է հետևողական աշխատանք իրականացնել գյուղացիական տնտեսությունների հետ՝ գանձումները ողջ ծավալով ապահվելու ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև մթերող կազմակերպությունների կողմից մթերված բերքի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ ամբողջությամբ գույքագրվել են նմանատիպ խնդիրները, և հետևողական քայլեր են ձեռնարկվում, որպեսզի մինչև նոյեմբերի 30-ը ընկերությունները կատարեն ստանձնած պարտավորությունները: Ըստ փոխվարչապետի՝ դա լրացուցիչ հնարավորություն կստեղծի, որպեսզի գյուղացիական տնտեսությունները կարողանան կատարել թե ստացած ոռոգման ջրի դիմաց վճարումները, թե տեղական հարկերի մասով իրենց պարտավորությունները: