Եվրասիական միությունը նոր ԽՍՀՄ չէ. ՌԴ դաշնային խորհրդի անդամ

Եվրասիական միության նախագիծը հետաքրքիր գաղափար է, որ այժմ քայլ առ քայլ իրականանում է. «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում նշեց ՌԴ դաշնային խորհրդի անդամ, սենատոր Անդրեյ Կլիմովը, որ Հայաստանում է Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին որպես «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ մասնակցելու նպատակով:

Եվրասիական միությունն, ըստ նրա, կարևոր է տարածաշրջանի երկրների համար և ձևավորում է առավել հարմար ինստիտուտներ: «Ես երկար տարիներ աշխատել եմ ԵՄ-ի կառույցներում. այնտեղ խոսքի մակարդակում արժեքները շատերի համար են ընդունվում, իսկ հետո գործերով դա այդքան էլ չի իրականացվում,- ասաց նա,- օրինակ՝ այսօր արդեն իսկ խնդիր է դրված, որ ԵՄ-ի ընդլայնումը պետք է կասեցնել. մարդիկ արդեն իսկ չեն կարողանում տնտեսական խնդիրները հարթել»:

Ըստ նրա՝ Եվրասիական միությունն առավել իրական գործընկերություն է իրար արդեն իսկ ծանոթ հարևանների միջև: «Մենք ասում ենք՝ մենք դատապարտված ենք հարևանության, և պիտի դա դնենք մեր համագործակցության հիմքում»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքը ոչ միայն ազատ տեղաշարժման, ազատ կրթության, միասնական կրթական համակարգի սկզբունքների մասին է, այլև՝ տնտեսական, ձեռնարկատիրական ազատ և հարմար համակարգի մշակման: «Այնպես չի, որ մենք ինչ-որ նոր բան ենք հայտնագործում, մենք վերցնում և կիրառում ենք հենց նույն ԵՄ-ի փորձը՝ այնպես, որ բոլորին օգտակար ու հարմար լինի»,- նշեց նա:

Նոր ԽՍՀՄ ստեղծելու մտավախությանն ի պատասխան՝ նա նշեց. «Այստեղ Ռուսաստանը չի համոզում որևէ երկրի համագործակցել, և ինքն էլ հետաքրքրված չէ մի նոր ԽՍՀՄ ստեղծելում: Ռուսաստանին դա ձեռնտու էլ չէ՝ շատերը մեզ մոտ էլ միանգամից հարցեր են բարձրացնում, թե ինչքանով է նպատակահարմար էլի պարտքեր տալ մի շարք երկրների, հետո նորից ներել դրանք և այդպես շարունակ»:

Այս պահին, ըստ նրա, մի շարք երկրներ դիմում եմ Եվրասիական միությանն անդամակցելու համար, սակայն նրանց հայտերը չեն ընդունվում մի շարք, այդ թվում՝ «ոչ բավարար ժողովրդավարություն ունենալու» պատճառաբանությամբ: «Հայաստանը Եվրասիական միությունում արդեն իսկ մի շարք ինստիտուտների անդամ է՝ իրական, գործող ինստիտուտների»,- հավելեց նա:

Եվրասիական միությունում, ըստ Կլիմովի, որոշումներն ընդունվում են բացառապես հավասարության հիմունքներով, թեպետ «եթե դիտարկենք երկրները՝ տարածքային, ռեսուրսային և բնակչության քանակների տեսանկյունից, պարզ է, որ պիտի լինեին այլ համամասնություններ, սակայն այսօր այն այսպիսին է. և այն բաց է աշխատում, և դա շատ հեշտ կարելի է ստուգել»:

Արժեքների ընդհանրության մասին հարցին անդրադառնալով՝ Կլիմովն օրինակ բերեց ԵՄ-ին. «Նրանք էլ ունեն ընդհանուր արժեքներ. օրինակ, որ մի մարդ կարող է սպանել մյուսին. իրենց մոտ դա կոչվում է «էվթանազիա». նման արժեքի, կներեք, բայց ես պատրաստ չեմ»:

Կլիմովը խոսեց նաև Վրաստանի հետ ՌԴ-ի հարաբերությունները վերականգնելու մասին. «Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է, որ Սաակաշվիլիի հետո գործ չենք ունենալու, բայց դա չի նշանակում, որ գործ չենք ունենալու Վրաստանի խորհրդարանի կամ այլ կառույցների հետ: Պատերազմական շրջանում մենք երբեք ինքներս չենք սրել իրավիճակը, ընդհակառակը, Վրաստանն է խզել հարաբերությունները: Իսկ հիմա Վրաստանի իշխանությունները պիտի որոշակի քայլեր անեն, հետո՝ կտեսնենք: Եվ այո, ինչո՞ւ ենք խոսում Շվեյցարիայի միջոցով. ի՞նչ է, առանց Շվեյցարիայի չե՞նք կարող խոսել»,- ասաց նա:

Եվրասիական միությանը անդամակցում են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն. ըստ Կլիմովի՝ նրանք երկուսն էլ ներկայացնում են Հայաստանը, և դա շահեկան է Հայաստանի համար, քանի որ ունի մանդատների կրկնակի քանակ: «Մեր պայմանավորությունները երկու կուսակցությունների հետ նույնն են. նրանք երկուսն էլ այսօր հայտարարեցին, որ պիտի շարունակեն աշխատել այս կառույցի կայացման ուղղությամբ: Օրինակ՝ Ռուսաստանից մի կուսակցություն է, Ղազախստանից՝ մի կուսակցություն, Հայաստանից երկու կուսակցություն, ու երկուսն էլ նույն իրավունքներով՝ երկուական անդամով: Այսինքն՝ հսկայական Ռուսաստանից երկու մանդատ, Հայաստանից՝ չորս»:

Կլիմովի կարծիքով՝ Հայաստանի անդամակցությունը միայն շահեկան է մեր երկրին. «Եթե խոսենք ճշգրիտ, նույնիսկ՝ մի քիչ ցինիկ, Հայաստանը, իմ կարծիքով (իսկ ես այստեղ շատ եմ եղել) մի կողմից կարող է մնալ մենակ՝ ԵԱՀԿ-ի զեկույցների հետ, մյուս կողմից՝ կարող է փորձել շարունակել աշխատել իր հին գործընկերների հետ, ովքեր բոլորն էլ խոսում են ռուսերեն, թեպետ դա իրենց համար օտար լեզու է, ովքեր ճանաչում են իրար և հասկանում»:

Եթե Հայաստանն ընտրի առաջին ճանապարհը, Կլիմովը վստահ է, որ որոշ ժամանակ անց կցանկանա հետ գալ և վերականգնել կապերը Եվրասիական միության հետ: «Բայց այն անընդհատ առաջ է գնում, զարգանում: Եվ երբ դուք հասկանաք, որ Կլիմովը ճիշտ էր, ճանապարհը մինչև մեր հասած կետը շատ ավելի երկար կլինի: Ամենակարևորն այն է, որ դուք ձեր խնդիրներին դեմ առ դեմ չմնաք մենակ»,- եզրափակեց Կլիմովը:

Մեկնաբանել