Ֆրանսիան ճանաչել է սիրիական ընդդիմության կոալիցիան

Ֆրանսիան առաջին արևմտյան երկիրն է, որ պաշտոնապես ճանաչել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիան՝ որպես սիրիական ժողովրդի միակ լեգիտիմ ներկայացուցիչ. հաղորդում է BBC-ն: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այդ մասին հայտարարել է Ելիսեյան պալատում մամլո ասուլիսի ժամանակ:

Միաժամանակ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո քարտուղարը ընդդիմադիր կոալիցիան կոչել է սիրիացիների լեգիտիմ ներկայացուցիչ, սակայն չի հայտարարել կոալիցիան Սիրիայի ժողովրդի միակ ներկայացուցիչ ճանաչելու մասին, ինչպես դա նշել է Ֆրանսիան:

Ըստ Ria-novosti-ի՝ ի պատասխան լրագրողների՝ սիրիական ընդդիմության կոալիցիային Ֆրանսիայի կողմից զենք մատակարարելու հնարավորության մասին հարցին՝ Օլանդը հերքել է առանց ՄԱԿ-ի մանդատի ինտերվենցիայի հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Պարսից ծոցի վեց երկիր, որ արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ են, առավել վաղ ճանաչել էին Սիրիայի ընդդիմադիրների միությունը՝ որպես Սիրիայի ժողովրդին ներկայացնող լեգիտիմ ուժ:

Մեկնաբանել