Չինաստանում ընտրել են ղեկավարների նոր սերունդը

Պեկինում ավարտվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարը, որի արդյունքներով հաստատվել է կուսակցության կենտրոնական կոմիտեի նոր կազմը։ Ինչպես հաղորդում է չինական «Սինհուա» գործակալությունը, Չինաստանի նախագահ Հու Ձինթաոն պաշտոնապես հայտարարել է համագումարը փակված։ Ակնկալվում է, որ կենտրոնական կոմիտեի նոր կազմը Ձինթաոյի տեղակալ և ժառանգորդ Սի Ցզինպինին հինգշաբթի կհաստատի որպես գլխավոր քարտուղար։

Նախատեսվում է, որ 2013թ․ գարնանը Սի Ցզինպինը կստանձնի պետության ղեկավարի պաշտոնը, և իշխանությունը Չինաստանում հետագա տասը տարիներին կանցնի ղեկավարների «հինգերորոդ սերնդին»։ Չինաստանի կառավարության ներկայիս ղեկավարի՝ Պետխորհրդի վարչապետ Վեն Ցզյաբաոյի իրավահաջորդ է համարվում նրա տեղակալ Լի Կեցյանը։ Մարտին նոր ղեկավարներին իրենց պաշտոններում պետք է հաստատի խորհրդարանը՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարության սերունդների համրումն իրականացվում է Մաո Ցզեդունից և նրա համախոհներից։ Երկրորդ սերունդը՝ Դեն Սյաոպինի գլխավորությամբ, որդեգրեց բարեփոխումների և երկիրն արտաքին աշխարհի համար բացելու ուղեգիծ, որը շարունակվում է այսօր էլ։ Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարին որոշվել է «ամուր առաջ շարժվել չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի ուղիով, պայքարել՝ հանուն միջին ունևորության հասարակության լիակատար կառուցման»։ Հու Ձինթաոն իր զեկույցում կոչ է արել Չինաստանը վերափոխել «հարուստ, հզոր, ժողովրդավարական, քաղաքակիրթ ու ներդաշնակ արդիականացված սոցիալիստական պետության»։

Մեկնաբանել