Սխալ է հիմա բարձրացնել խորհրդարանական կառավարման համակարգի անցման հարցը. ՀՀԿ-ական պատգամավոր

Ճիշտ չէ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հարցը հիմա բարձրացնելը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Ինձ համար նախագահական ընտրություններից առաջ համամասնական ընտրակարգի և խորհրդարանական կառավարման համակարգի մասին խոսելն անհասակնալի է, քանի որ մենք այժմ պատրաստվում ենք նախագահական ընտրություններին»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ եթե դա որոշ քաղաքական ուժերի բանաձևն է, որով փորձում են մտնել նախագահական ընտրապայքարի մեջ, դա իրենց խնդիրն են:

«Կարող են բազմաթիվ թեզեր առաջ քաշել, կարող են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, խորհրդարնական և արտախորհրդարանական տարբեր ուժերի հետ բանակցություններ սկսել»,- նշեց Սահակյանը:

Նրա խոսքով` միասնական թեկնածուի շուրջ համախմբվելը, բանակցելը, այս պահին այլևս անհնար է:

Սահակյանի համոզմամբ` կառավարման համակարգի խնդիրներին քաղաքական ուժերը պետք է ավելի վաղ անդրադառնային, երբ ընտրական օրենսգրքում բարեփոխումներ էին իրականացվում: