Բաչո Ախալայան Ստրասբուրգի դատարան չի դիմի

Վրաստանի ներքին գործերի և պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան չի դիմի, հաղորդում է GHN-ը:

Նախկին նախարարի փաստաբանի խոսքով՝ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Ստրասբուրգում, սակայն Ախալայան ներկա պահին դա չի ցանկանում:

Ըստ փաստաբանի՝ Ախալայի հետ այդ հարցի շուրջ խորհրդակցություն անցկացվել է, սակայն վերջինս նշել է, թե չի ցանկանում Վրաստանի դեմ հայց ներկայացնել:

Նախկին նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով: Նա մասնավորապես մեղադրվում է զինվորականներին խոշտանգման և լիզորությունների չարաշահման մեջ:

Հիշեցնենեք, որ Ախալայան ձերբակալվել է նոյեմբերի 7-ին դատախազությունում 4 ժամ տևած հարցաքննությունից հետո: Ախալայան նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավորներից է և երկրի ներքին գործերի նախարարությունը ղեկավարել է մինչ այս տարվա ամառ: Հրաժարական է ներկայացրել Թբիլիսիի Գլդանիի բանտի սկանդալի պատճառով, այնուհետ մեկնել է Վրաստանից, ինչը բազմաթիվ խոսակցությունների առիթ է դարձել: Անցած շաբաթ նա վերադարձել է Թբիլիսի՝ հայտարարելով, թե պատրաստ է պատասխանել իրեն առաջադրված բոլոր հարցերին և մեղադրանքներին:

Մեկնաբանել