Զարուհի Փոստանջյանը անձնական կարծիք է հայտնում. Արմեն Մարտիրոսյան

Քանի դեռ «Ժառանգությունում» որոշում չկա որևէ հարցի շուրջ, կուսակցության ցանկացած ներկայացուցիչ կարող է իր կարծիքը արտահայտել: ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի կոպիտ գնահատականների օրինակի և այս խնդրի շուրջ «Ժառանգությունում» առկա տարաձայնությունների մասին հարցին:

«Դա Զարուհի Փոստանջյանի անհատական կարծիքն է, որովհետև կուսակցության պաշտոնական տեսակետներ հայտնելու իրավունք ունեն Րաֆֆի Հովհաննիսյանը, ես և «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Ինչ վերաբերում է, որ Փոստանջյանը այլ կարծիք ունի, ապա դա նորմալ է»,- նշեց Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է կուսակցությունների քաղաքական օրակարգերին, ապա Մարտիրոսյանի խոսքով, դրանք բնականաբար տարբեր են, քանի որ քաղաքական տարբեր ուժեր տարբեր օրակարգ են ունենում, հակառակ դեպքում՝ մեկ քաղաքական միավոր կլինեին:

«ԲՀԿ-ի հետ որոշ տարբերություններ ունենք ԼՂՀ-ի ճանաչման հետ կապված հարցում. Հայաստանում միակ կուսակցությունը, որը ճանաչումը օրակարգային հարց է համարում, «Ժառանգությունն» է: Երկու անգամ այս հարցի վերաբերյալ օրինագիծ ենք ներկայացրել խորհրդարան: Ունենք յուրահատուկ մոտեցում՝ կապված հայ-թուրքական արձանագրությունների հետ: Հստակ է նաև մեր մոտեցումը եվրաինտեգրման և ԵվրԱզԷՍ-ի հետ կապված: «Ժառանգությունը» միանշանակ կողմ է եվրաինտեգրմանը»,- հավելեց Մարտիրոսյանը:

Մեկնաբանել