Սովորությունն արվեստի ամենամեծ թշնամին է. Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը Թիֆլիսում է ծնվել, Երևան է տեղափոխվել 16 տարեկանում: Ասում է, որ Երևանը դարձել է իր կյանքի գլխավոր քաղաքը: Նոյեմբերի 13-ին ժողովրդական նկարիչ, աբստրակտ կերպարվեստի դասական Ռոբերտ Էլիբեկյանը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում «Իմ երազած Երևանը» կրթական ծրագրի շրջանակում հանդիպեց դպրոցականների հետ: Նկարիչն ու պատանիները զրուցեցին Երևանի անցյալի և ապագայի մասին, միմյանց հետ կիսեցին իրենց տեսլականները: Հանդիպման ավարտին Էլիբեկյանը պատասխանեց նաև «Օրակարգի» հարցերին:

-Պարոն Էլիբեկյան, ի՞նչ տպավորություններ ունեք երեխաների հետ շփումից:

-Հրաշալի: Ես տեսա Երևանը նրանց աչքերով, մտա նրանց կաշվի մեջ և տեսա ապագան, երազանքը և նրանց առողջ մտքերը: Ի՞նչ է մեզ այսօր հարկավոր: Մեզ պետք է տեսնել թերությունները, այլ գնահատականներ լսել: Ես կողմնակից եմ, որ օտարները գովեն մեզ, բայց Երևանը մեզանից է կախված, ամենքս պիտի կարողանանք վերակենդանացնել մեր քաղաքը: Մենք երազում ենք, ուզում ենք տեսնել կատարյալ Երևան, բայց այդպես չի ստացվում: Այս օրվանից, այս վայրկյանից և այս երիտասարդներով պիտի իրականանան մեր երազանքները:

-Ձեզ դո՞ւր է գալիս այսօրվա Երևանը:

-Ես Երևանը շատ եմ սիրում, բայց սերը շատ քիչ է: Ամեն մեկս պիտի փոխենք քաղաքը, քարը քարի վրա դնենք և մեր նիստուկացով, միմյանց հանդեպ վերաբերմունքով պահենք քաղաքի մթնոլորտը: Մաքրությունն է ամենակարևորը` հոգու և արտաքին: Հոգևորն է այսօր պակասում: Ես ամեն ինչ քաջ գիտակցում եմ` ուրբանիզացիա է, կառուցում են, նոր բարքեր են, բայց հիշեցի Նյու Յորքը, որը մոնսթր քաղաք է՝ ահռելի մեծ, բայց այնտեղ մարդիկ կարողացել են հասնել նրան, որ փողոցում չծխեն: Թվում է՝ մանրուք է, բայց մանրուք չէ: Հիմա առաջընթաց եմ տեսնում, մարդիկ աշխատում են ճիշտ անցնել փողոցը, կանոնավոր սպասում են կանաչ լույսին, բայց միևնույն ժամանակ ամեն անգամ կանաչի տակ փողոցն անցնելիս ես վախենում եմ, որովհետև էլի խախտում են:

-Երեխաները պատմեցին Երևանում իրենց սիրելի վայրերի մասին: Իսկ դուք ունե՞ք սիրած փողոցներ կամ հատվածներ քաղաքում:

-Ես ընդհանրապես Հայաստանը Երևանից չեմ տարանջատում: Ինձ համար Հայաստանը Երևանն է և Երևանը Հայաստանն է: Իմ հայրենիքն է, ես իդեալիստ եմ: Իսկ միակ վայրը, որ կարող եմ առանձնացնել` արվեստանոցն է: Երբ արվեստանոցիցս դուրս եմ գալիս՝ լրիվ ուրիշ մարդ եմ:

-Դուք 60-ականների սերնդին եք պատկանում: Եթե այսօր սկսեիք Ձեր նկարչական ճանապարհը, երբ արվեստի նոր ձևեր են ի հայտ եկել՝ մուլտիմեդիա և այլն, ա՞յլ կերպ կնկարեիք:

-Պարտադիր է այդպես: Կյանքն առաջ է գնում: Ես այսօր էլ ժամանակակից ոճում եմ: Ես վաղուց ինձ համար որոշել եմ` ժամանակակիցը տերմին է: Մի՞թե Թորոս Ռոսլինը ժամանակակից չէ, կամ Հովնաթանյանը, Սարյանը:

-Ինչպե՞ս կարելի է երիտասարդներին հետաքրքրել, օգնել հասկանալ և ընկալել ժամանակակից արվեստը:

-Դա սկսվում է փողոցից: Պետք է նախ սովորեցնել նրանց, որ փողոցում իրենց կարգին պահեն, բարեհամբյուր լինեն, չաղտոտեն քաղաքը, բարևեն միմյանց: Ես այսօրվա երեխաներին շատ հավանեցի: Գրեթե բոլոր կրթական ծրագրերին մասնակցում եմ և տեսնում, թե ինչ երեխաներ կան, ինչ խելացի պատանիներ:

-Հիմա ինչո՞վ եք զբաղված:

-Աշխատում եմ: Հազարավոր ծրագրեր ունեմ:

-Կպատմե՞ք ձեր մեթոդի մասին․ ինչպե՞ս է կտավը ծնվում, ո՞րն է առաջնայինը` թեման, գույնը, ուրվագիծը:

-Գիտեք, դա շղթա է: Երբ սկսեցի նկարել` 15 տարեկանից մինչև այսօր նույնն է: Երբեմն գնում եմ արվեստանոց և ոչինչ չեմ անում, ժամերով նստում եմ, մտածում: Ստեղծագործությունն ընթացք է, որում ամենակարևորը պայքարն է իներցիայի դեմ: Սովորությունն արվեստի ամենամեծ թշնամին է: Այսօր մենք և՛ երաժշտության մեջ, և՛ թատրոնում տեսնում ենք իներցիայի գործոնը` արվեստագետ է, ուրեմն պիտի ստեղծագործի: Դա ինձ համար ծիծաղելի է: Երբեմն պիտի ընդհանրապես ոչինչ չանես: Հին հույները երազում էին, որ մարդկությունը հասնի կատարյալ անգործության: Հրաշալի երազա՞նք է, չէ՞: Դրախտ է:

Զրուցեց Մարիա Հովսեփյանը