Թուրքիան դիտարկում է քուրդ բանտարկյալներին մայրենիով պաշտպանվելու հնարավորությունը

Նոյեմբերի 13-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողով է ներկայացվել մի օրինագիծ, որի   ընդունման դեպքում մայրենի լեզվով պաշտպանվելու հնարավորություն կտրվի բոլոր մեղադրյալներին և բանտարկյալներին, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: Օրինագծի ընդունման դեպքում քրեական օրենսգրքում փոփոխություն տեղի կունենան, և  մեղադրյալները կկարողանան դատավարության ընթացքում խոսել իրենց մայրենի լեզվով կամ այն լեզվով, որով ավելի լավ են խոսում:

Ըստ գործող օրենքի` Թուրքիայում թուրքերենից բացի մեղադրյալն այլ լեզվով խոսել չի կարող: Սա հենց այն հարցերից մեկն է, որ բարձրացնում են 63 օր թուրքական բանտերում հացադուլ հայտարարած քուրդ բանտարկյալները: Նրանք հրաժարվում են խոսել թուրքերեն և պնդում են, որ իրենց տրվի մայրենի լեզվով պաշտպանվելու հնարավորություն:

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը, որի պատգամավորների մի մասը միացել է հացադուլին, կազմակերպում է երթեր, ցույցեր` ի պաշտպանություն հացադուլ հայտարարածների: Այս ցույցերի ընթացքում Դիարբեքիրում, ինչպես նաև քրդաբնակ մի շարք բնակավայրերում ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել: Ստամբուլում հայերը նույնպես ակցիա են կազմակերպել` պահանջելով բանտարկյալներին տալ մայրենի լեզվով պաշտպանվելու հնարավորություն:

Այս իրադարձությունների հետևանքով Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջաններում մթնոլորտը շատ լարված է: Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը շարունակվող հացադուլը սպառնալիք է համարվում երկրի համար և նշում, որ դա Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմակերպած սադրանքն է: